News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 27-ին մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն:

Այցի շրջանակում նոյեմբերի 27-ին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՌԴ Ռոստով քաղաքում հարգանքի տուրք է մատուցել ՀՀ զինված ուժերի ձեւավորման եւ կայացման գործում մեծ դերակատարություն ունեցող գեներալ-լեյտենանտ Հրաչ Անդրեասյանի եւ գեներալ-գնդապետ Լեւ Շուստկոյի հիշատակին, ծաղիկներ է դրել նրանց հիշատակին տեղադրված հուշատախտակների մոտ, զրուցել է գեներալներ Անդրեասյանի եւ Շուստկոյի այրիների հետ: Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է նաեւ Ռոստով քաղաքի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

Նոյեմբերի 28-ի առավոտյան Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը հարգանքի տուրք է մատուցել Ռոստով քաղաքի զոհված զինծառայողների հուշահամալիրում: Նույն օրը Վիգեն Սարգսյանը հանդիպել է Ռոստովի նահանգապետ Վասիլի Գոլուբեւի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության խորացման եւ ընդլայնման հեռանկարները:

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաեւ ուղղաթիռներ արտադրող «Ռոսվերտոլ» ձեռնարկություն, ծանոթացել է ձեռնարկության արտադրական հնարավորություններին:

Նոյեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարարը եղել է նաեւ ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի շտաբում, ծանոթացել է օկրուգի ղեկավարման եւ կառավարման համակարգին: Վիգեն Սարգսյանը հանդիպել է նաեւ Հարավային օկրուգի հրամանատարության հետ, քննարկել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման շրջանակում փոխգործակցության ամրապնդման, խմբավորման կազմում ներգրավված ստորաբաժանումների գործողությունների ներդաշնակման հետ կապված խնդիրներ:

Օրվա երկրորդ կեսին ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ