News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Բելառուսը Ադրբեջանի վերաբերյալ սեփական շահեր ունի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 30-ին, մամուլի ասուլիսին հայտարարեց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ընթացքում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը:

Քաղաքագետի խոսքով՝ դա քաղաքական հռետորաբանություն է, եւ այն գործում է: «Իսկ ի՞նչ կառաջարկեիք, որ Բաքվում ասեր Լուկաշենկոն: Երբ քաղաքական գործիչը խոսում է, առաջին հերթին կարեւոր է՝ ով է խոսում, երկրորդ՝ ինչ ենթատեքստում է խոսում, երրորդ՝ որտեղ է խոսում եւ միայն չորրորդ՝ ինչ է խոսում:  Լուկաշենկոն հանճարեղ քաղաքական գործիչ է, որի ռեսուրսներից է հռետորաբանությունը: Եթե հետեւենք նրա Ռուսաստանում, Չինաստանում, Ուկրաինայում եւ նույն Ադրբեջանում արած հայտարարություններին, ապա կարելի է տեսնել 5, 10 տարբեր Լուկաշենկոների»,- նշեց Իսկանդարյանը՝ շարունակելով, թե այն հավանականությունը, որ Հայաստանում Լուկաշենկոն կկատարի միանգամայն այլ հայտարարություն, նույնքան մեծ է:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բաքվում անցկացված բանակցությունների արդյունքներով համատեղ հայտարարություն են ընդունել: Հայտարարության համաձայն՝ Բելառուսը եւ Ադրբեջանը հանդես են գալիս ղարաբաղյան հակամարտության կարգավորման օգտին միջազգային իրավունքի նորմերին համապատասխան: «Կողմերը նշում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման կարեւորությունը միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքների եւ նորմերի համապատասխան, առաջին հերթին՝ պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտելիության պահպանման եւ ապահովման, նաեւ ՄԱԿ ԱԽ-ի համապատասխան բանաձեւերի եւ ԵԱՀԿ որոշումների հիման վրա»,- նշված է հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ