News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովի հերթական նիստը, որտեղ հավանության է արժանացել Ռազմարդյունաբերական եւ ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը քննարկել եւ հավանություն է տվել «Ռազմարդյունաբերական եւ ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ նախագահի կարգադրության նախագծին:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը նշել է, որ ռազմավարության նպատակն է պետության աջակցությամբ գիտատեխնիկական եւ արտադրատեխնոլոգիական ներուժի վերածումը նորարարական գործուն միջոցի, որը կնպաստի ռազմական արդյունաբերական համալիրի կազմակերպությունների արտադրանքի մրցունակության ապահովմանն ու արտահանման կազմակերպմանը: Փախչանյանն ընդգծել է, որ փաստաթուղթը մշակվել է ՀՀ անկախության տարիների ընթացքում ձեռք բերված փորձի, ինչպես նաեւ ապրիլյան դեպքերի վերլուծության հիման վրա: Նա նշել է նաեւ, որ դրա նպատակն է խթանել ռազմական արդյունաբերության զարգացումը, խրախուսել նորագույն տեխնոլոգիաների ներմուծումն ու մշակումը, եւ դրանց հիման վրա զարգացնել հարակից տեխնոլոգիաներ, ինչպես նաեւ կազմակերպել տեղական արտադրություններ: Փաստաթղթում ՀՀ ռազմատեխնիկական քաղաքականության զարգացման գերակա ուղղությունների իրականացման նպատակով կարեւորվել է գիտաարտադրական պաշարով գիտատեխնիկական համալիրի զարգացումը, ՀՀ ԶՈՒ-ի գիտահետազոտական ինստիտուտի հիմնադրումը, որը կմշակի ՀՀ ԶՈՒ-ի պահանջարկին համապատասխան գիտահետազոտական եւ փորձակոնստրուկտորական աշխատանքների մարտավարատեխնիկական առաջադրանքները եւ դրանց իրականացման համար անհրաժեշտ ելակետային տվյալները:

Ռազմավարության նպատակներից է ռազմատեխնիկական քաղաքականության ուղղություններով պետական, ինչպես նաեւ ոչ պետական բաժնեմասերով հոլդիգների, կոնցեռնների ձեւավորումը՝ նրանցում պարտադիր ստեղծելով կամ ընդգրկելով համապատասխան գիտահետազոտական կառույց: Փաստաթղթի հիմնական խնդիրն է ռազմատեխնիկական քաղաքականության զարգացման գերակա ուղղությունների իրականացման նպատակով գիտաարտադրական պաշարով գիտատեխնիկական համալիրի ստեղծումը, որը գիտահետազոտական զարգացման եւ ռազմագիտահետազոտական ինստիտուտի կանխատեսումների հիման վրա կմշակի եւ կիրականացնի ռազմարդյունաբերական համալիրի զարգացման երկարաժամկետ պլանավորում՝ նորարարական աշխատանքների համար: Դավիթ Փախչանյանի խոսքով՝ ազգ-բանակ բանաձեւն ընդունելով որպես նպատակ, անհրաժեշտ է վերանայել ՀՀ կրթական գործընթացը՝ դպրոց-բուհ-արտադրություն-գիտություն կապը վերածելով այն գիտակրթական համալիրի, որը կնպաստի կադրերի ապահովմանը:

Փաստաթղթում նշված են նաեւ ՀՀ ռազմարդյունաբերական քաղաքականության գերակա ուղղությունները մինչեւ 2020 թվականը, իսկ մի շարք դրույթների հետ կապված աշխատանքներ արդեն իսկ տեղ են գտել կառավարության ընդունած որոշումներում կամ էլ գտնվում են մշակման ու իրականացման փուլում: Օրինակ, մի շարք դրույթներ, որոնք միտված են ընկերությունների զարգացմանը, տեղ են գտել ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի գործունեության սուբյեկտներին երկարաժամկետ, միջնաժամկետ եւ կարճաժամկետ պետական աջակցության առաջնահերթությունները եւ աջակցման ձեւերը հաստատելու մասին ՀՀ կառավարության 2016 թվականի որոշումներից մեկում:

Ներկայացված փաստաթուղթը համակողմանի քննարկվել է ՀՀ պաշտպանության նախարարությունում, շահագրգիռ գերատեսչություններում, ռազմական պատվեր կատարող կազմակերպություններում, ինչպես նաեւ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունում:

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ ռազմարդյունաբերական համալիրի զարգացմանը եւ ռազմատեխնիկական քաղաքականությանը վերաբերող այլ հարցերի եւս:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ