News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Օրերս ադրբեջանական մամուլում լուրեր էին շրջանառվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից լավաշը հայկական մշակութային տարր ճանաչելու մասին որոշումը մերժելու եւ փոխարենը ադրբեջանական հայտը ընդունելու վերաբերյալ, սակայն, ինչպես միշտ, այս լուրերը չեն համապատասխանում իրականությանը։

Նոյեմբերի 28-ից Եթովպիայում մեկնարկած ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության միջկառավարական կոմիտեի 11-րդ նստաշրջանի ընթացքում քննարկվել են Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերում գրանցվելու համար ներկայացված հայտերը, այդ թվում` Ադրբեջանի, Իրանի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Թուրքիայի կողմից ներկայացված «Տափակ հաց պատրաստելու եւ հյուրասիրելու մշակույթ. լավաշ, քաթըրմա, ժուպկա, յուֆկա» համատեղ հայտը:

Մեր տեղեկություններով, վերը նշված հայտը ներկայացվել է 2015 թ-ին՝  ի պատասխան Հայաստանի կողմից ավելի վաղ ներկայացված եւ 2014 թվականին Կոմիտեի 9-րդ նստաշրջանի ընթացքում ընդունված «Լավաշ, ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը եւ մշակութային դրսեւորումները Հայաստանում» հայտի։

Հայկական կողմը բազմիցս բարձրաձայնել է, որ Ադրբեջանի կողմից պարբերաբար քայլեր են ձեռնարկվում քաղաքականացնելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործունեությունը եւ այն համագործակցության ձեւաչափից վերածելու քաղաքական տարաձայնությունների ու բախումների հարթակի, իսկ վերոնշյալ հայտը դրա հերթական ապացույցն է:

Չնայած «տափակ հացի» պատրաստման ավանդույթը լայնորեն տարածված է տարածաշրջանի բազմաթիվ երկրներում, Հայաստանում լավաշի պատրաստման մշակույթն իր բոլոր բաղադրիչներով` պատրաստման եղանակով, նշանակությամբ եւ մշակութային ինքնարտահայտման բազմազանությամբ, էապես տարբերվում է այլ երկրներում համանման մշակույթներից:

Հայկական պատվիրակությունը պնդել է, որ Կոմիտեն որդեգրի այն դիրքորոշումը, որն արտահայտել էր 2014 թվականին` ՀՀ կողմից ներկայացված հայտի քննարկման ժամանակ։ Հայկական կողմի նախաձեռնած քայլերի արդյունքում Կոմիտեի որոշման նախագիծը լրամշակվեց։

Նոյեմբերի 30-ին Կոմիտեն, քննարկելով վերոնշյալ համատեղ հայտը, իր որոշման մեջ հղում է արել ՀՀ կողմից ներկայացված հայտի առնչությամբ 2014 թվականին ընդունված որոշմանը՝ հաստատելով, որ «տարածաշրջանի, ինչպես նաեւ այլ երկրներում ապրող համայնքները կիրառում են հայտում ներկայացված «տափակ հացի» տեսակները»: Այդպիսով, Կոմիտեն կոչ է անում հայտը ներկայացնող երկրներին տվյալ տարրի պահպանման միջոցներն իրականացնելիս հաշվի առնել տարրի ավելի լայն մշակութային ընդգրկումը տարածաշրջանում եւ դրանից դուրս:

 Ուստի Կոմիտեն իր որոշմամբ փաստում է, որ համատեղ հայտում նշվող տարրի գրանցումը չի ենթադրում, որ այն բացառիկ է, այլ կիրառվում է նաեւ «տարածաշրջանում եւ դրանից դուրս», իսկ «տափակ հացի» տեսակներից մեկը` լավաշը, դեռեւս 2014 թվականին ընդգրկվել է Ներկայացուցչական ցանկում՝ որպես Հայաստանում կիրառվող տարր:

Իսկ ադրբեջանական մամուլում շրջանառվող տեղեկատվությանը, Կոմիտեն 2014 թվականին չի մերժել ՀՀ կողմից 2013 թվականին ներկայացված հայտը: Այն ընդունվել է 2014 թ. նոյեմբերի 26-ին` Կոմիտեի 9-րդ նստաշրջանի ընթացքում` անցնելով Կոնվենցիայով սահմանված ընթացակարգային փուլերը։

Նշենք, որ Հայաստանը Կոմիտեի անդամ է ընտրվել 2016 թ. հունիսին` 4 տարի ժամկետով:

Տպել
Ամենաշատ