News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նոր կրթակարգի հիմնական խնդիրը դպրոցական ծրագրի բեռնաթափումն է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ՀՀ  կրթության եւ գիտության նախարարությունում կրթակարգի մշակմանը նվիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ նշել է ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը:

ԿԳՆ-ից NEWS.am_ին հայտնում են, որ խորհրդակցության ժամանակ քննարկվել է հանրակրթության զարգացումը նախանշող  հիմնարար փաստաթղթի նախագիծը: Քննարկմանը մասնակցել են ԿԳ նախարարի տեղակալները, ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի, ԾԻԳ-ի, մի շարք դպրոցների, վարժարանների տնօրեններ, հանրակրթության ոլորտի    ներկայացուցիչներ:

Ներկայացնելով կրթակարգի մշակման առաջնահերթությունները՝ նախարարն ընդգծել է ազգային կրթակարգի գաղափարի եւ հանրակրթության պլատֆորումի ամբողջացումը:

«Մենք պետք է ազնվորեն հարցնենք ինքներս մեզ՝ առաջարկվող կրթակարգի նախագիծը բավարարո՞ւմ է մեր պահանջներին. եթե այո, փորձենք կատարելագործել այն, եթե ոչ՝ անկախ նրանից, որ որոշակի աշխատանք արդեն կատարվել է, առաջարկենք մասնագետներին մի քանի  նախագծային նոր առաջարկներ ներկայացնել, որպեսզի համատեղ քննարկումների ժամանակ լավագույն տարբերակը ստանանք»,- նշել է Լեւոն Մկրտչյանը՝ հավելելով, որ կրթակարգին հաջորդելու են  կրթական ծրագրերի եւ հենքային առարկայական ուսումնական պլանների մշակման աշխատանքները, որտեղ հստակեցվելու են  առարկայական ծավալների   տեղաբաշխվածության հարցերը:

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որ առարկայական չափորոշիչների մշակման աշխատանքային խմբերում ընդգրկվեն տվյալ ոլորտի լավագույն մասնագետները»,- ընդգծել է նախարարը՝ ավելացնելով, որ այժմ զուգահեռաբար  մշակվում են եւ օտար լեզուների զարգացման հայեցակարգերը եւ մշակվող  կրթակարգում այդ  պահանջները պետք է հաշվի առնվեն: Նախարարի խոսքով՝ կրթակարգի հիմնական խնդիր է դիտվում դպրոցական ծրագրի բեռնաթափումը, դասագրքերի եւ առարկայական ծրագրերի վերանայումը,  դասավանդման նոր մեթոդների ներմուծումը: «Շատ կարեւոր է, որ մենք կարողանանք պահպանել նաեւ դպրոցների ակադեմիական ազատությունների շրջանակը: Առարկայական պարտադիր ծավալին զուգահեռ մենք առնվազն մեկ քառորդի չափով պետք  է հնարավորություն տանք դպրոցին ինքնուրույն ձեւավորել իր կրթական ծրագիրը»,- ընդգծել է նախարարը:

Խորհրդակցության մասնակիցները ներկայացրել են տարբեր առաջարկներ՝ առարկայական համամասնությունների տեղաբաշխման, ծրագրերի բեռնաթափման եւ դպրոցների ազատությունների վերաբերյալ: Որոշվել է առաջիկայում կազմակերպել կրթակարգի նախագծերի մի քանի տարբերակների քննարկում:

Տպել
Ամենաշատ