News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Վայոց ձորի մարզի «Արենի 1» քարանձավում անցկացված վերջին պեղումների ընթացքում բավականին հետաքրքիր գտածոներ են հայտնաբերվել։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն, արշավախմբի համաղեկավար Պավել Ավետիսյանը։

«Բոլոր գտածոներն էլ հետաքրքիր են, սակայն դրանցից առավել ուշագրավ են եղեգից պատրաստված գործվածքները եւ մումիֆիկացված այծի մարմնի մի մասը։ Հնագույն նմուշների իրական տարիքը ճշգրտորեն սահմանելու համար սպասում ենք լաբորատոր անալիզների պատասխաններին։ Կարծում ենք, որ գտածոները մոտ 6 հազար տարվա հնություն ունեն, սակայն ի լուր աշխարհի այս մասին հայտարարելու համար դեռեւս սպասել է պետք։ Հայկական լրատվամիջոցները փչացրեցին այդ գործընթացը՝ մեր «եթե»-ներով ասվածները ներկայացնելով իբրեւ վերջնական տվյալներ՝ այսկերպ զրկելով մեզ հետաքրքիր նյութն աղմուկով հրապարակելու իրավունքից»,- ափսոսանք հայտնեց Պավել Ավետիսյանը՝ միաժամանակ ավելացնելով, որ Հայաստանում նման լուրջ լաբորատոր հետազոտությունների իրականացնելու ահնարինությամբ պայմանավորված՝ գտածոների նմուշների ճշգրիտ տարիքը պարզելու գործընթացը կատարվում է Օքսֆորդի եւ Կալիֆորնիայի համալսարանի լաբորատորիաներում։

«Դրանք երկուսն էլ բավական հայտնի, առաջատար լաբորատորիաներ են, իսկ նրանց տվյալները՝ շատ վստահելի»,- հավաստիացրեց ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրենը՝ հավելելով, որ արդյունքերի ստացման ժամկետների մասին դեռեւս ոչինչ հայտնի չէ։ Նրա խոսքով, այդ լաբորատորիաներում հերթերը բավական մեծ են։ «Պատասխանների ստացումը երբեմն տեւում է մեկ, երբեմն՝ երկու տարի»,- տեղեկացրեց Ավետիսյանը։

«Արենիում կատարված պեղումների արդյունքում գտել ենք նաեւ փայտից եւ քարից պատրաստված արվեստի գործեր, գունազարդ խեցեղեն եւ այլն»,- նկատեց նա։ 

Ամփոփելով՝ Պավել Ավետիսյանը խնդրեց հրապարակել նաեւ արշավախմբի մյուս համաղեկավար, Կալիֆորնիայի համալսարանի «Կոտսենի հնագիտական ինստիտուտի» ներկայացուցիչ Գրիգոր Արեշյանի, ինչպես նաեւ Քորքի համալսարանի (Իռլանդիա) ներկայացուցիչ, արշավախմբի մյուս համաղեկավար Ռոն Թին Վասի անունը՝ նշելով, որ իրենց գործընկերները նեղանում են, երբ նրանց անունները չեն արծարծվում։

 Նշենք, որ խոսքը միեւնույն քարանձավի մասին է, որտեղից 2008 թվականի սեպտեմբերին պեղվել էր աշխարհում ամենահին՝ավելի քան 5500 տարեկան կաշվե կոշիկը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ