News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 31-ի լույս նոյեմբերի 1-ի գիշերը ԱՄՆ-ում  եւ Եվրոպայում նշվում է Հելոուինը: Տոնը թեեւ Արեւմտյան ծագում ունի, սակայն վերջին տարիներին տարածում է գտել նաեւ Հայաստանում: NEWS.am-ի թղթակիցը փորձեց պարզել, թե հայ երիտասարդներն ինչպես են այն նշում եւ երեւանյան ակումբներում տոնի կապակցությամբ ի՞նչ  միջոցառումներ են լինելու:

STOP ակումբում հոկտեմբերի 31-ին, ժամը 19:00-ից տոնին նվիրված party է լինելու: Երգելու են նաեւ երկու ռոք երաժշտական խմբեր` Mr. Help-ը եւ Alian Time-ը: Կլինի նաեւ DJ Main Stream-ը: Ակումբում Հելոուինի գիշերը այցելուներին կառաջարկեն  հատուկ «սարսափելի»` «ուղեղի ուռուցք» անվանմամբ կոկտեյլ:

Aftershock republic ակումբում ժամը 21:00-ից եւս  party է նախատեսվում`մուտքը  հատուկ dress code-ով: Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնեց  ակումբի աշխատակիցը, տոնի կապակցությամբ մի շարք անակնկալներ են սպասվում:

One club-ում սակայն, տոնն սկսվելու է հոկտեմբերի 30-ին, ժամը 22:00-ից: Ակումբ մուտք գործելու համար պահանջվում է տոնին համապատասխան հագուստ: Նրանք, ովքեր հատուկ համազգեստներով չեն լինի, դիմակներ կկարողանան գնել հենց ակումբի մուտքի մոտից: One club-ի աշխատակիցները զարդարված ու հագնված են լինելու տոնի ոգով:

«Գլխավոր շեշտը դրվել է դիզայնի վրա»,-նշեց ակումբի աշխատակիցը` հավելելով, որ ողջ գիշեր նվագելու է Փարիզից այցելած  DJ TITO-ն: 

Նշենք, որ Հելոուինի տոնին ընդունված է հագնել կախարդների, վամպիրների եւ  այլ սարսափ-հերոսների զգեստներ: Սակայն Հայաստանում դա այդքան էլ ընդունված չէ:

22-ամյա Լուսինեն, ով արդեն երկրորդ անգամ է նշում այս տոնը, դեռ  չի որոշել, թե ինչ կերպարով է հանդես գալու, սակայն վստահ է, որ հաստատ վախենալու տեսք չի ունենա: Հովհաննեսն ասաց, որ Զորրոյի շոր է հագնելու, իսկ Տիգրանը` ամերիկյան բանտարկյալի: Լաուրան նշեց, որ գոթական ոճի կիսաշրջազգեստ կկրի, գրինդերսներ, իսկ աչքերը սեւ ու կարմիր կներկի:

Արեւմուտքում տոնի ժամանակ ընդունված է նաեւ տներով շրջել եւ քաղցրավենիք հավաքել, սակայն, ինչպես NEWS.am-ի թղթակիցը պարզեց, տոնը նշող երիտասարդներից ոչ մեկը չի պատրաստվում դռնեդուռ ընկնել եւ քաղցրավենիք հավաքել:

«Անկեղծ ասած մենք ընկերներով չենք պատրաստվում նման բան անել, պարզապես ուզում ենք հետաքրքիր, կրեատիվ հագնվել ու միասին լավ ժամանակ անցկացնել, ինչպես նաեւ նկարվել, պարել, ծիծաղել»,-ասաց Լաուրան:

Իսկ Անին, ով երեբեւ չի մասնակցել նման միջոցառման, նշեց, որ տոնի էությունն այդքան էլ չի հասկանում:

Նշենք, որ հելոուին բառն անգլերենից թարգմանաբար նշանակում է «սուրբ երեկո» եւ ի սկզբանե նշվել է կելտական ժողովուրդների մոտ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ