Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքները քիչ թե շատ կանխատեսելի են: Հունվարի 16-ին կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա խոսքով՝ ընտրություններից հետո Հայաստանը կանցնի նոր քաղաքական համակարգի ձեւավորման փուլի: «Ընդ որում՝ մի կողմից բնակչությունը դեռեւս լավ չի գիտակցում դա: Երկրորդ՝ մեզ մոտ համակեցության շրջան կսկսվիի, երբ համատեղվում է երկու տարբեր քաղաքական համակարգ. կունենանք նախագահ, որն ընտրվել է հին Սահմանադրությամբ, եւ խորհրդարան, որն ընտրված կլինի Հիմնական օրենքի նոր տարբերակով: Հետաքրքիր է, թե սրան ինչպես կարձագանքի հասարակությունը»,- նշեց Իսկանդարյանը:
Ըստ քաղաքագետի՝ փոքր-ինչ մեծանում են նոր կառավարությունից սպասելիքները: «Բայց իրավիճակի բարելավում, որը սպասում է ժողովուրդը, սկզբունքորեն չի կարող լինել, ինչին կարող է հետեւել հիասթափությունը»,- հավելեց Ալեքսանդր Իսկանդարյանը: