News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վաղ թե ուշ Կնեսետը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այս մասին, այսօր՝ հունվարի 19-ին, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Իսրայելի Կնեսետի խոսնակ Յուլի Էդելշտեյնը:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հայկական պատվիրակությանը` Յուլի Էդելշտեյնը կարեւորել է միջխորհրդարանական կապերի զարգացումը, հայ եւ հրեա ժողովուրդների միջեւ դարավոր բարեկամությունը եւ հայտնել իր պատրաստակամությունը` այսուհետ եւս ջանքեր ներդնելու տարբեր ոլորտներում համագործակցության համար` մասնավորապես ընդգծելով մշակույթի, տուրիզմի, տնտեսության եւ հատկապես գյուղատնտեսության ոլորտները: Կնեսետի խոսնակը կարեւորել է նաեւ հայ եւ հրեա համայնքների ունեցած դերակատարությունը պետությունների զարգացման գործում:

Յուլի Էդելշտեյնը վերահաստատել է իր դիրքորոշումը, որ վաղ թե ուշ Կնեսետը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ ափսոսանք է հայտնել, որ առ այսօր Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես չի ճանաչվել Կնեսետի կողմից, սակայն վերջին շրջանում այդ ուղղությամբ իրականացվել են մի շարք քայլեր:

«Ես այդքան էլ հպարտ չեմ այն փաստով, որ Իսրայելը դեռեւս չի ճանաչել Հայոց ցեղասպանութունը, բայց, այնուամենայնիվ, այդ ուղղությամբ արդեն առկա է որոշակի առաջխաղացում»,- ասել է խոսնակը:

Պարոն Էդելշտեյնը նաեւ հույս է հայտնել, որ ապագայում հնարավոր կլինի գտնել խաղաղ լուծուներ չկարգավորված հակամարտությունների համար: Կնեսետի խոսնակը խոստացել է աջակցել Իսրայելի եւ Հայաստանի միջեւ բարձրաստիճան պաշտոնյաների միջեւ հանդիպումների հաճախակի կազմակերպմանը, ինչպես նաեւ միջխորհրդարանական ակտիվ հարաբերությունների պահպանմանը:

Արտակ Զաքարյանը, շնորհակալություն հայտնելով հրավերի եւ ընդունելության համար, եւս ընդգծել է միջխորհրդարանական շփումների դերը միջպետական հարաբերությունների զարգացման, հասարակության միջեւ փոխադարձ հետաքրքրություն ունեցող ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման, ինչպես նաեւ քաղաքական երկարատեւ փոխգործակցության առումով: Արտակ Զաքարյանը կարեւորել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի եւ Կնեսետի նախագահ Յուլի Էդլշտեյնի կողմից վերջերս ստորագրված միջխորհրդարանական փոխըմբռնման հուշագիրը, ինչպես նաեւ վերջերս Երեւանում ձեւավորված «Հայ-իսրայելական միջազգային հասարակական ֆորումը»` որպես միջխորհրդարանական բարեկամական խմբերի գործունեության զարգացման ու ընդլայնման համար իրավական եւ հասարակական լայն բազա: Արտակ Զաքարյանը հույս է հայտնել, որ հունվարի 19-ին Թել Ավիվում կայանալիք երկրորդ ֆորումի արդյունքները կարող են շոշափելի լինել եւ քայլ առ քայլ նպաստել հասարակական փոխշահավետ հարաբերությունների ամրապնդմանը մի շարք ոլորտներում:

Արտակ Զաքարյանը ներկայացրել է նաեւ տարծաշրջանում տիրող իրավիճակը եւ դրանց հանգուցալուծման վերաբերյալ հայկական դիրքորոշումները:

Հանդիպման ավարտին պարոն Էդելշտեյնը հաջողություն է մաղթել Հայաստանի խորհրդարանին առաջիկա ընտրությունների կազմակերպման հարցում եւ հույս հայտնել, որ նորընտիր խորհրդարանում եւս ակտիվ կլինեն հայ-իսրայելական կապերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ