News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Կոմիտասի անվան պանթեոնում այսօր՝ հունվարի 20-ին, հայ գրող Սիլվա Կապուտիկյանի հարազատներն ու մտերիմները տոնում էին բանաստեղծուհու 92-ամյակը:

Նախաձեռնությունը իրականացնում էր «Սիլվա Կապուտիկյան» հիմնադրամը. միջոցառմանը ներկա էին ռեժիսոր Արտավազդ Փելեշյանը, գրող- հրապարակախոս Թորոս Թորանյանը եւ այլք:

«Սիլվա Կապուտիկյանի հետ անձամբ ծանոթ եմ եղել: Մարդիկ կան, որ նրան գրող չեն համարում, ուզում եմ նրանց ասել, որ Սիլվան բացառիկ գրող է: Ամեն իշխանության ժամանակ նա չի վախեցել իր խոսքը բարձրաձայնել: Նա բացառիկ համարձակ ու տաղանդավոր գրող էր»,-ասաց Թորոս Թորանյանը:

Սիլվա Կապուտիկյանը ծնվել է Երևանում, Վանից գաղթած ընտանիքում։ Սովորել է Երևանի Կրուպսկայայի անվան միջնակարգ դպրոցում: 13 տարեկանում գրել է իր առաջին բանաստեղծությունը, որը տպագրվել է «Պիոներ կանչ» թերթում։ Նրա հայրը՝ Բարունակ Կապուտիկյանը, ազգային գործիչ էր, խմբագրիչ, որն սպանվեց 1920 թվականին:

1936-1941 թվականներին սովորել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում, 1950 թվականին՝ Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի բարձրագույն դասընթացներին:

Կապուտիկյանը շատ է գրել հայրենիքի, հայոց լեզվի, հայ ժողովրդի ճակատագրի մասին։ Նա ամբողջ կյանքը նվիրել է ստեղծագործական աշխատանքի և հայրենիքին։ Շրջագայել է սփյուռքի հայկական գաղթօջախներում և նախկին խորհրդային միության հանրապետություններում և քաղաքներում։ Նրա գրական ձիրքը հանդես է եկել պատանեկան տարիներից, իսկ երիտասարդական տարիներից ձևավորվել է քաղացիական ուղղվածությունը։ Նա դարձավ իսկական խորհրդային գրողի կերպար՝ կրելով այդ տարիների կուսակցական գաղափարախոսության ամբողջ պատասխանատվությունը։ Կապուտիկյանի ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։ Ունի ռուսերեն ավելի քան 20 ժողովածու:

Արժանացել է բազմաթիվ մրցանակաների, կոչումների, շքանշանների:

Սիլվա Կապուտիկյանը մահացել է 2006 թվականին:

Տպել
Ամենաշատ