News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լոռու մարզի Ալավերդի քաղաքի բնակիչ, 38-ամյա Տիգրան Գեւորգյանի մոտ մոտ 10 ամիս առաջ հայտնաբերվել է լիմֆոմա՝ լիմֆոտիկ գեղձերի չարորակ ուռուցք, որի բուժման համար մոտ 3000 դոլար է անհրաժեշտ։

Տիգրանը երկու մանկահասակ աղջիկ երեխաների հայր է, միակ աշխատողն է տան, կինը երեխաներին խնամելու պատճառով չի աշխատում, իսկ ծնողները թոշակառու են, ապրում են առանձին։ Տիգրանն աշխատում է Ալավերդու երկաթգծի կայարանում։ Տիգրանի մորաքրոջ աղջիկը՝ Ն. Մակուչյանը պատմում է, որ նրա հիվանդությունը հայտնաբերվել է գրիպից հետո, երբ երկար ժամանակ խզված ձայնը չի ապաքինվել։

«Գրիպից հետո ձայնը կտրվել էր եւ ամիսներով չէր անցնում։ Անմիջապես Ալավերդիում դիմել էր բժշկի։ Վիրուսը անցել էր, բայց ձայնը չէր վերականգնվում։ Մեր ազգականուհիներից մեկը կասկածեց, որ ավելի լուրջ խնդիր կա, եւ Ալավերդուց տեղափոխեցինք Նոր Նորքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց։ Պրոֆեսոր Սարկավագյանը հետազոտեց եւ այդ չարաբաստիկ ախտորոշումը տվեց»,- պատմում է ազգականուհին։

Հիվանդության բուժման համար անհրաժեշտ է շատ թանկարժեք արտասահմանյան դեղորայք, որը կոչվում է MabThera։ Հիվանդությունը հայտնաբերելուց հետո Տիգրանը նոր հետազոտություններ է անցել՝ համոզվելու համար, հիվանդանոցային պայմաններում տարբեր կուրսեր է անցել, ինչպես նաև՝ քիմիաթերապիա եւ ճառագայթում։ 22 օրը մեկ 1500 դոլար արժողությամբ 7 կուրս է անցել։ Ըստ ազգականուհու՝ հիմա ավելի լավ է, հիվանդության ցուցանիշները բարելավվել են։ Մնացել է 2 կուրս՝ ճառագայթումն ու հետազոտությունը Մոսկվայում։ Վերջնական բուժման համար դեռ անհրաժեշտ է մոտ 3000 դոլար։

«Բուժման 80%-ը արված է, մնացել է 20%-ը, բայց արդեն բոլոր միջոցները սպառվել են։ Բոլոր ազգականներով՝ ընկեր, ծանոթ, բարեկամ, ով ինչ հնարավորություն ուներ, օգնել է, նույնիսկ մարդիկ են եղել, որ վարկ են վերցրել, տրամադրել են Տիգրանի բուժմանը։ Արդեն 10000 դոլարից ավելի ծախսել ենք։ Շատ դժվար է ստույգ ասել, բայց մոտավորապես  դեռ 3000 դոլար էլ անհրաժեշտ է բուժումը ավարտելու համար»,- ասում է տիկին Մակուչյանը։

Տիգրան Գեւորգյանին օգնել ցանկացողները կարող են զանգահարել 096 05 57 11 հեռախոսահամարով կամ գումար ուղարկել Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկում բացված հետեւյալ հաշվեհամարին. 220322849898000, Տիգրան Գեւորգյան Ֆելիքսի:

Տպել
Ամենաշատ