Ես, բնականաբար տեղյակ չէի, կանչել են ինձ եւ ներկայացրել են, որ այսօրվանից հրամանը տրվեց, որ ես աշխատեմ Արարատի մարզպետ. առավոտյան վարչապետն ինձ հետ զրուցել է, ես համաձայնությունս տվել եմ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 2-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է Արամայիս Գրիգորյանը՝ հավելելով, որ իր նշանակման որոշումը կայացրել են նախագահն ու կառավարությունը:
«Ես ժողովրդին ծառա եմ գնում, ես աշխատել եմ այդ տարածքում, ժողովուրդն ինձ լավ է ճանաչում, ես ժողովրդին շատ լավ եմ ճանաչում, ես գնում եմ ժողովրդին ծառայելու, որպեսզի կարողանանք մի բան ավել անել, ժողովրդի հոգսերը թեթեւացնենք»,-ասաց նա:
Հարցին, թե հնարավո՞ր է առաջիկա ընտրություններին բախում լինի իրենց թիմի եւ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի թիմի միջեւ, նորանշանակ մարզպետը պատասխանեց. «Կարծում եմ՝ ընտրությունների հետ կապված դեռ վաղ է այդ մասին խոսելը, որովհետեւ կգա ժամանակը, կսկսվի քարոզչությունը, այդ ժամանակ ձեր բոլոր հարցերին, բոլոր հարցումներին կպատասխանենք»:
Նա նաեւ հստակ պատասխան չտվեց՝ մասնակցելո՞ւ է նախընտրական գործընթացներին, թե ոչ՝ նշելով, որ ժամանակը կգա՝ այդ մասին բոլորը կիմանան:
Դիտարկմանը, որ իր նշանակումը նպատակ ունի թուլացնել Հովիկ Աբրահամյանի ազդեցությունը մարզում, Արամայիս Գրիգորյանն արձագանքեց. «Դուք կարող եք տարբեր կարծիքներ ներկայացնել, բայց ես գնում եմ մարզի բնակչությանը ծառայելու»:
Ավելի վաղ՝ այսօր կառավարության որոշմամբ Արարատի մարզպետ է նշանակվել ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանը՝ այդ պաշտոնում փոխարինելով Ռուբիկ Աբրահամյանին:
Ավելի վաղ NEWS.am-ը վկայակոչելով իր հավաստի աղբյուրները, հայտնել էր, որ Արարատի մարզպետ է նշանակվելու բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանը, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն էլ մարզում զբաղվելու է քաղաքական հարցերով՝ նշանակվելով ՀՀԿ Արարատի տարածքային կառույցի ղեկավար եւ այս ընտրատարածքից էլ առաջադրելու է իր թեկնածությունը: Այսինքն` այստեղ նա պայքարելու է իր վաղեմի հակառակորդ Հովիկ Աբրահամյանի որդու` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանի դեմ, որը առաջադրվելու է Գագիկ Ծառուկյանի դաշինքից:











