News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

25-ամյա Արտաշես Սահակյանը Իսրայելում հոգեւոր ճեմարան է ավարտել եւ կարող էր մնալ այնտեղ, դառնալ հոգեւորական։ Սակայն նա որոշել է վերադառնալ Հայաստան եւ անցնել զինվորական ծառայության։ Նրա խոսքով՝ ինքը չէր կարող ապրել Իսրայելում՝ գիտակցելով, որ իր հայրենիքն ու ծնողներին պաշտպանում են ուրիշ տղաներ, բայց ոչ ինքը։

«Երբ ես Իսրայելում էի սովորում, ես ամբողջ ժամանակ հետեւում էի նորություններին, ուզում էի ամեն բանից տեղյակ լինել։ Ինձ համար շատ տհաճ էր գիտակցել, որ մինչ ես ապրում եմ ուրիշ երկրում, իմ ծնողներին պաշտպանում են ուրիշ տղաներ, բայց ոչ ես։ Այդ պատճառով որոշեցի վերադառնալ Հայաստան, որպեսզի կատարեմ իմ պարտքը»,– ասել է Արտաշեսը NEWS.am–ի հետ զրույցում։

«Մեր երկրի պատմության մեջ քիչ չեն եղել հոգեւորականներ, որոնք պատրաստ են եղել պայքարել հանուն հայրենիքի։ Օրինակ՝ մենք ունեցել ենք Վարդան եւ Վահան Մամիկոնյանները եւ շատ այլ հոգեւորականներ, որոնք զինվորների հետ հավասար պայքարել են հանուն հայրենիքի եւ հանուն հավատի»,– նշում է Արտաշեսը։

Բանակում ծառայության անցնելով՝ Արտաշեսը նախապատրաստություն է անցել ուսումնական զորամասում եւ հակաօդային պաշտպանության գծով որակավորում ստացել։ Նրա խոսքով՝ ինքն ամբողջ կյանքում հիշելու է օրը, երբ իրեն ուսումնառությունից ուղարկել էին զորամաս։

«Այդ օրը ես իմ զորամաս եկա, որպեսզի սկսեմ իմ մասնագիտությամբ ծառայել։ Ես հանկարծ հասկացա, որ իմ  կողքին արդեն ուսուցիչներ չկան, որոնք ինձ սովորեցնում էին այդ 6 ամիսների ընթացքում։ Ամբողջ պատասխանատվությունն այդ պահից պետք է ընկներ իմ ուսերին, քանի որ կողքիս ոչ ոք չկար, ով կարող էր ինձ հուշել, թե ինչ անեմ եւ ինչպես որոշումներ կայացնեմ։ Միայն ինձնից էր կախված իմ եւ իմ ենթակաների ճակատագիրը»,– պատմում է Արտաշեսը։

Արտաշեսն արդեն 1.5 տարի ծառայում է ՀՕՊ զորքերում եւ իր խոսքով՝ ոչ մի անգամ չի զղջացել իր որոշման համար։ Այդ ընթացքում նա օգնել է, որ բազմաթիվ թշնամական անօդաչու սարքեր խոցեն եւ նպաստել դրանց ոչնչացմանը։ Այդ եւ այլ նվաճումների համար Արտաշեսին այսօր՝ փետրվարի 11-ին, 19 այլ զինվորների հետ հիանալի ծառայության համար պարգեւատրեցին։

Արտաշեսի խոսքով՝ իր ծառայակիցներից շատերն են արժանի ճանաչման եւ պարգեւների։ Օրինակ՝ Շուշիում հիմա ծառայում է նրա ընկեր Վրույր Սիմոնյանը, որը նույնպես ՀՕՊ մասնագետ է, եւ որը, նրա կարծիքով, շատ պարգեւների է արժանի, եւ որին նա կուզեր այսօր տեսնել այս դահլիճում։

Մի քանի ամսից Արտաշեսն ավարտում է ծառայությունը եւ պլանավորում է մնալ Հայաստանում, եթե, իհարկե, լավ աշխատանք գտնի։ Նա սովորական, աշխարհիկ աշխատանք է ուզում։

«Ես շատ գիտելիքներ եմ ստացել ճեմարանում, բայց հոգեւորական դառնալ չեմ ուզում։ Ես կուզեի իմ գիտելիքներն օգտագործել՝ հանուն մեր հասարակության»,– ասում է Արտաշեսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ