Հայաստանի իշխանությունն ապրում է իր վերջին օրերը: Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, Օհանյանը- Օսկանյանը- Հովհաննիսյան խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու վերաբերյալ հուշագրի ստորագրման ժամանակ ասել է «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Հայաստանի համար այսօր պատմական օր է, որովհետեւ ռազմական գործիչ, գեներալ մեծ ավանդույթ ունեցող մեր հայրենակիցը, շատ փորձառու դիվանագետը, «Ժառանգությունը» , ինչպես նաեւ այլ կազմակերպություններ եւ կուսակցություններ որոշել են, որ Հայաստանի առջեւ մարտահրավերը այնքան բարձր է, որ պետք  է իրար միանանք: Այսօր մենք մեկնարկ ենք տալիս նոր որակի, նոր խարիզմայի, նոր ղեկավարության շարժման եւ «Ժառանգությունը» ամեն ինչ պետք է անի, որ այս պայքարը հանուն Հայաստանի քաղաքացու, հանուն մեր ազատության եւ ինքնորոշման պսակվի հաջողության: Մենք ասում ենք այո՛ Հայաստանի ինքնիշխանությանը, Արցախի տարածքային ամբողջականությանը եւ հայ զինվորին, որն այսօր կանգնած է  մեր սահմանի վրա: Հանուն մեր կորուստների եւ մեր հերոսների եւ նրանց, որոնք այսօր ճաղերի հետեւում են որպես քաղաքական  բանտարկյալ, այս պայքարը պետք է տանենք: Հաջողություն ենք մաղթում բոլոր մյուս դաշինքներին, ընդդիմադիր ուժերին, վստահ ենք, որ այս ապօրինի իշխանությունն ապրումէ  իր վերջին օրերը, մենք միասին պետք է բերենք Հայաստանի սահմանադրականությունը, անկախությունը եւ ազատությունը»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանը եւ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր՝ փետրվարի 13-ին, խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու վերաբերյալ հուշագիր են ստորագրել: