News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցության շրջանակում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը փետրվարի 17-ին մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել։

Վիգեն Սարգսյանը հանդիպում է ունեցել նաեւ Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Ռայմունդաս Կարոբլիսի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք, այդ թվում նաեւ պաշտպանական ոլորտում հայ-լիտվական համագործակցության հեռանկարները։ Հանդիպման մասնակիցները նշել են, որ հարաբերությունների խորացման մեծ ռեսուրս կա՝ ինչպես երկկողմ, այնպես էլ Հայաստան-Եվրամիություն ձեւաչափերում։

Քիչ ուշ կայացել է Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Անտոնի Մաչիերեւիչի հետ։ Ընդգծելով երկու պետությունների եւ ժողովուրդների ջերմ վերաբերմունքը միմյանց հանդեպ, Հայաստանի եւ Լեհաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները համոզմունք են հայտնել, որ պաշտպանական ոլորտում հարաբերությունների խորացման համար առկա է մեծ ռեսուրս։ Վիգեն Սարգսյանն ու Անտոնի Մաչիերեւիչը քննարկել են ժամանակակից գլոբալ մարտահրավերները, շեշտելով, որ դրանց արդյունավետ դիմակայելու համար ջանքերի համադրում է անհրաժեշտ։ Որպես համագործակցության լավագույն օրինակ նշվել է հայ-լեհական փոխգործակցությունը տարբեր երկրներում իրականացվող խաղաղապահ առաքելություններում։

Վիգեն Սարգսյանը հանդիպում է ունեցել նաեւ Չեխիայի պաշտպանության նախարար Մարտին Ստրոպնիցկու հետ։ Նախարարները քննարկել են պաշտպանական ոլորտում հայ-չեխական համագործակցության հեռանկարները։ Զրուցակիցներն ընդգծել են, որ չնայած Հայաստանն ու Չեխիան տարբեր ռազմաքաղաքական դաշինքներում են գտնվում, դա չի կարող խոչընդոտ հանդիսանալ փոխգործակցության խորացման համար, առավել եւս, որ ողջ աշխարհին սպառնացող ժամանակակից մարտահրավերները պարտադրում են ակտիվ համագործակցություն ծավալել պաշտպանական ոլորտում։ 

Փետրվարի 17- ին Վիգեն Սարգսյանը հանդիպում է ունեցել նաեւ Լիբանանի պաշտպանության նախարար Յաքուբ Սարաֆի հետ։ Հատուկ ընդգծելով Լիբանանի հայ համայնքի մեծ դերը երկրի քաղաքական, տնտեսական ու մշակութային կյանքում, Յաքուբ Սարաֆը նշել է, որ դա կարեւոր գործոն է հայ-լիբանանյան հարաբերությունները բոլոր, այդ թվում նաեւ պաշտպանական ոլորտում զարգացնելու համար։ Զրուցակիցները համակարծիք են եղել, որ տարածաշրջանում ընթացող զարգացումներն իրենց մեջ մեծ վտանգ են պարունակում, որը չեզոքացնելու համար պետությունների սերտ համագործակցություն է անհրաժեշտ։ Վիգեն Սարգսյանն ու Յաքուբ Սարաֆը պատրաստակամություն են հայտնել ակտիվացնել ջանքերը պաշտպանական ոլորտում հայ-լիբանանյան համագործակցությունը խորացնելու ուղղությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ