News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բուհը  չի կարող կախված լինել ուսանողի վարձավճարից: Այս մասին, այսօր՝ փետրվարի 20-ին, Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիա այցի ժամանակ նշել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:

ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ռեկտոր Արամ Իսաբեկյանի ուղեկցությամբ նախարարը ծանթացել է բուհում իրականացված նորոգման աշխատանքներին, շրջել է նոր ցուցասրահում, որտեղ նախատեսվում են ցուցադրել շրջանավարտների դիպլոմային աշխատանքները: Այնուհետեւ ԿԳ նախարարն աշխատանքային քննարկում է անցկացրել պրոֆեսորադասախոսկան կազմի հետ, որին  ներկա են եղել Գյումրու եւ Դիլիջանի մասնաճյուղերի տնօրենները, ինչպես նաեւ կերպարվեստի եւ դեկորատիվ-կիրառական արվեստի ֆակուլտետների դեկանները, տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, բուհի պրոռեկտորները:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ բուհերի ֆինանսավորման խնդրին: Նախարարի խոսքով՝ այսօրվա պատկերը մտահոգիչ է. «Երբ մենք նայում ենք բուհերի բյուջեների կառուցվածքին, տեսնում ենք, որ մոտ 20 տոկոսը պետության ֆինանսավորումն է, մնացածն ուսանողներից գանձված վարձավճարներն  են: Այս մոտեցումը չի կարող հեռանկարային լինել, որովհետեւ բուհը  ուղիղ գծով կախված է ուսանողի վճարած ուսման վարձից: Սա շատ վտանգավոր միտում է  նաեւ կրթության որակի տեսանկյունից, որովհետեւ նման իրավիճակում բուհը ոչ մի դեպքում չի ուզում հրաժարվել վատ սովորող ուսանողից»,- նշել է ԿԳ նախարարը: Մինչդեռ, ինչպես նախարարն է նշել, աշխարհի առաջատար բուհերում, որտեղ պետության ամբողջական ֆինանսավորում չկա,  բուհական բյուջեներում ուսանողների վարձավճարները 30 տոկոսից չեն անցնում: «Եթե այդ հարաբերակցությունը խախտվում է եւ ուսանողների վարձավճարների տեսակարար կշիռը գերազանցում է  բյուջեի 30 տոկոսը, ապա  տվյալ համալսարանի ղեկավարությունը սկսում է անհանգստանալ: Մեր բուհերը եւս պետք է լրջորեն մտածեն այս ուղղությամբ, այլապես մենք որեւէ զարգացում չենք ունենա, առավել եւս, որ առաջիկա մեկ-երկու  տարիներին  դիմորդների աճ չի կանխատեսվում»,- նշել է ԿԳ նախարարը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի մասնաճյուղերի գործուենության արդյունավետությանը:

Տպել
Ամենաշատ