News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը


Թուրքիայի եւ Նիդեռլանդների միջեւ սկանդալը թափ է հավաքում: Անկարան թուքը բերանին սպառնում է, ներողություն պահանջում՝ հավաստիացնելով, որ «ֆաշիստական» Հոլանդիան պատասխան կտա «վիրավորանքի» համար: Ի պատասխան Ամստերդամը հայտարարում է, որ հնարավոր ամեն բան կանի լարվածության թուլացման համար, եթե «Թուրքիան հրաժարվի սադրանքներից»:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի իշխանությունը եւ իրավասություններն էականորեն ընդլայնող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օգտին թուրք նախարարների քարոզչությունը Եվրոպայում նախ արգելել էր Գերմանիան: Գերմանիայի 3 քաղաքներ  թուրք նախարարներին թույլ չէին տվել քարոզչական հանդիպումներ անցկացնել Գերմանիայում բնակվող թուրքերի հետ:

Ավելին՝ Գերմանիայի Դաշնային սահմանադրական դատարանը որոշել էր, որ դաշնային կառավարությունն իրավասու է արգելել երկրի տարածքում Թուրքիայի կառավարության անդամների ելույթները: Անկարայի իշխանությունները՝ ի դեմս Էրդողանի եւ նրա նախարարների շտապել էին Բեռլինին հիշեցնել իր «նացիստական անցյալը», ինչով վշտացրել էին կանցլեր Անգելա Մերկելին, այդուհանդերձ, նա իր մեկնաբանություններում զուսպ էր: Նա նախընտրել էր սահմանափակվել գերմանական կողմին կոչ անելով դադարեցնել Անկարայի հետ առճակատումը՝ կապված քարոզչական միջոցառումների չեղարկման հետ:

Ռոտերդամում համանման միջոցառումը, որին պետք է մասնակցեր Թուքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն, չեղարկվել էր «անվտանգության նկատառումներից ելնելով»: Սակայն հետո երկրի վարչապետ Մարկ Ռյուտեն ուղիղ հասկացրել էր, որ Նիդեռլանդները դեմ է քարոզչական միջոցառումներին եւ չի ողջունում Չավուշօղլուի այցը: «Նա կարող է գալ հիանալ կակաչներով, այցելել թանգարաններ, բայց ոչ քարոզչություն անել»,- հայտարարել էր Ռյուտեն: Նրա խոսքով՝ Նիդեռլանդների ԱԳՆ-ն Չավուշօղլուին հասկացրել էր, որ նրա այցը ցանկալի չէ: Այդուհանդերձ, Չավուշօղլուի օդանավը թռել էր, սակայն Ռոտերդամ չէր հասել: Նիդեռլանդների իշխանություններն արգելել էին թուրք նախարարի օդանավին վայրէջք կատարել: Նույն օրը Անկարայի իշխանությունները որոշում են շտապ կարգով Ռոտերդամ գործուղել ընտանիքի հարցերով նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայան Քայեին, որը Գերմանիայում էր գտնվում: Սակայն Ամստերդամը չի ընկրկել, եւ նախարարին երկրից վռնդել էր:

Շաբաթ երեկոն եւ հաջորդ գիշերն անհանգիստ են անցել ինչպես Ռոտերդամում, այնպես էլ Ստամբուլում: Ռոտերդամում Թուրքիայի հյուպատոսության շենքի առջեւ բողոքի ակցիայի մասնակիցները սկսել են ոստիկանների վրա քարեր եւ շշեր նետել: Արդյունքում ցույցը ցրել են ջրցան մեքենաների եւ հեծյալ ոստիկանության միջոցով: Ձերբակալվել է 12 ցուցարար: Թուրքիայում ոստիկանությունը շրջափակել է Հոլանդիայի դիվանագիտական ներկայացուցչություններ:

Ստամբուլում Նիդեռլանդների հյուպատոսության շենքի մոտ տեղի է ունեցել բողոքի ակցիա, որը շարունակվել է նաեւ մարտի 12-ին: Շենքի վրա ձվեր են նետել, հետո ինչ-որ մեկը  որոշել է հյուպատոսության շենքի տանիքի հոլանդական դրոշը թուրքականով փոխարինել: Թուրքական լրատվամիջոցները պնդում են, որ դա հյուպատոսության աշխատակիցներն են արել, մինչդեռ միջազգային լրատվամիջոցները պնդում են, որ դա արել է ցուցարարներից մեկը: Միջադեպի հետ կապված Ամստերդամը Թուրքիային բողոքի նոտա է հղել՝ հիշեցնելով դիվանագետներին պաշտպանելու պարտականության մասին:

Չնայած Էրդողանի սպառնալիքներին՝ Հոլանդիային «դիվանագիտության դասեր» տալու մասին, նրա հայտարարությունները հեռու են դիվանագիտական էթիկայից եւ նպաստում են լարվածության թեժացմանը: Սկսելով Ամստերդամին «ֆաշիզմի, ռասիզմի, իսլամատյացության» մեջ մեղադրելուց՝ Էրդողանը հարձակվել է ամբողջ Եվրոպայի եւ Արեւմուտքի վրա՝ հայտարարելով, որ հենց նրանք են ահաբեկչությանը հովանավորում, եւ ինքը պատրաստ է «դա ապացուցել»:

Անկարան «խիստ պատասխան» է խոստացել, իսկ ԱԳ նախարար Չավուշօղլուն հայտարարել է, որ Նիդեռլանդները ներողություններով գլուխը չի ազատի: Ի դեպ, Ամստերդամը ոչ միայն չի շտապում, այլ չի էլ պատրաստվում ներողություն խնդրել: Մարկ Ռյուտեի խոսքով՝ երկիրը լիովին իրավունք ուներ նախարարին մերժելու ելույթ ունենալ թուրքական համայնքի առջեւ, եւ որ Հոլանդիայի կառավարությունը մտադիր չէ Թուրքիայի իշխանություններից ներողություն խնդրել: Նա նշել է, որ այս ամբողջ իրավիճակը մտահոգություն է առաջացնում: Ռյուտեն ասել է, որ պատրաստ է եւ ցանկանում է հանդիպել իր թուրք գործընկերոջ հետ՝ հավաստիացնելով, որ հնարավոր ամեն ինչ կանի լարվածությունը թուլացնելու համար: Սակայն եթե Անկարան գնա հակամարտության սրման, «մենք ստիպված կլինենք արձագանքել»:

Իրավիճակի ապաթեժացման թույլ կոչով է հանդես եկել Ֆրանսիայի ԱԳՆ-ն: Ի դեպ, Ֆրանսիայի իշխանությունները չեն արգելել Մեթս քաղաքում Չավուշօղլուի քարոզչական հանդիպումը: Փարիզում կարծում են, որ հանդիպումն արգելելու համար ոչ մի հիմնավորում չկա:

Ֆրանսիայի ԱԳՆ-ն սահմանափակվել է Թուրքիային եւ եվրոպական որոշ երկիներին կոչ անելով թուլացնել լարվածությունը: Ըստ որում՝ ասես իմիջիայլոց Անկարային ակնարկելով, որ վերջինս խուսափի «անզսպությունից եւ սադրանքներից»: Պաշտոնական Փարիզի նման դիրքորոշումը դուր չի եկել Ֆրանսիայի նախագահի թեկնածու, նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնին: Նա նախագահ Ֆրանսուա Օլանդին մեղադրել է եվրոպական համերաշխության խախտման մեջ՝ հայտարարելով, որ Ֆրանսիայի կառավարությունը պետք է խոչընդոտեր հանրահավաքի անցկացմանը:

Դանիայի վարչապետ Լարս Լեկե Ռասմուսենն, իր հերթին, առաջարկել է հետաձգել Կոպենհագենում ծրագրված Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ հանդիպումը որպես Ամստերդամի հետ համերաշխության նշան:

«Հաշվի առնելով Նիդեռլանդների դեմ Թուրքիայի ընթացիկ հարձակումները՝ ծրագրված հանդիպումը չի կարող առանձին դիտարկվել: Այսպիսով, ես առաջարկեցի թուրք գործընկերոջը հանդիպումը հետաձգել»,- նշված է Դանիայի վարչապետի հայտարարության մեջ:

Լրատվամիջոցները նաեւ հայտնում են, որ Ստոկհոլմում եւս ձախողվել է թուրք քաղաքական գործիչ, Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ղեկավարի տեղակալ Մեհմեթ Մեհդի Էքերի հանդիպումը տեղացի թուրքերի հետ: Վերջին պահին հաստատության տերը, որտեղ պետք է տեղի ունենար հանդիպումը, լուծարել է վարձակալման պայմանագիրը՝ չպատճառաբանելով նման գործողության պատճառը:

Ակնհայտ է, որ Եվրոպան այլեւս չի ցանկանում հաշտվել Էրդողանի հանդուգն վարքագծի, նրա մշտական սպառնալիքների եւ շանտաժի քաղաքականության հետ: Բացառված չէ, որ մի շարք եվրոպական երկրներ մտահոգված են հանրաքվեից հետո Թուրքիայի նախագահի իրավասությունների ընդլայնմամբ, նաեւ իրենց սահմաններին այսպիսի անկանխատեսելի առաջնորդ ստանալու հեռանկարով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ