News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ի՞նչ տնտեսական ու սոցիալական ծրագրերով են հանդես գալիս առաջիկա ընտրություններին մասնակցող 9 քաղաքական ուժերը:

Այս անգամ կներկայացնենք քաղաքական ուժերի տեսակետները տնտեսության զարգացման, այդ ոլորտում պետության առաջնահերթությունների վերաբերյալ քաղաքական ուժերի տեսակետները: Ի դեպ, գրեթե բոլոր քաղաքական ուժերի ծրագրերում տնտեսության ոլորտը զբաղեցնում է նրան ծրագրերի առյուծի բաժինը:

«Ելք» դաշինք

Դաշինքը հաղթանակի դեպքում կիրագործի Հայաստանը բարձր տեխնոլոգիական-արդյունաբերական (ռազմարդյունաբերական) երկիր դարձնելու ծրագիրը: Այն ենթադրում է մասնավորապես, հետեւյալը. 150 եւ ավելի աշխատող ունեցող ՏՏ ոլորտի ընկերությունները կազատվեն շահութահարկից: Բանակի գնումները կլինեն միայն հայաստանյան արտադրողներից:

Այլընտրանքային էներգետիկայի ոլորտի ընկերությունները, Էլեկտրոմոբիլների ներկրումը եւ վաճառքը կազատվեն ԱԱՀ-ից եւ մաքսատուրքից:

Էլեկտրաէներգիայի եւ գազի սակագները 10-15 տոկոսով կնվազեցվեն:

Տարեկան մինչեւ 500 միլիոն դրամ շրջանառություն ունեցող ընկերությունները կհարկվեն շրջանառության հարկով:

Մինչեւ 20 քմ ՓՄՁ կրպակների համար կսահմանվի հաստատագրված վճար:

Մաքսազերծման հսկիչ գները կվերացվեն եւ մաքսազերծման հիմքում կդրվեն հաշիվ ապրանքագրերը:

«Ելք» դաշինքը խոստանում է առնվազն 20 տոկոսով կավելացնել բյուջետային հիմնարկների աշխատավարձերը եւ կենսաթոշակները, դադարեցնել ԱԱՀ սահմանին գանձելու պրակտիկան, վերացվնել արհեստական մենաշնորհները, կչեղարկի կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը,

«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն

Դաշինքը պատրաստվում է անզիջում պայքար մղել կոռուպցիայի, մենաշնորհների եւ ստվերի դեմ, որի արդյունքում բյուջետային եկամուտները կավելանան 600 միլիոնից մինչեւ 1 մլրդ ԱՄՆ դոլարով:

Դաշինքը կվերացնի մենաշնորհները եւ օլիգոպոլիաները, այդ թվում՝ պետական իշխանությունը տարանջատելով բիզնեսից:

Իրանի հետ կբանակցի գազի ներմուծման նոր պայմանագրի կնքման շուրջ՝ ռուսական գազի ներմուծումից կախվածությունը փոքրացնելու եւ բնագավառում մենաշնորհը վերացնելու նպատակով:

Սփյուռքի տնօրինած կապիտալը (տարբեր հաշվարկներով՝ 440-450 մլրդ դոլար) Հայաստանի տնտեսություն կուղղորդեն «Հայաստան սուվերեն ներդրումային հիմնադրամի» միջոցով:

Կուսակցությունը խոստանում է նվազագույն աշխատավարձը 5 տարում կրկնապատկել մինչեւ 111.000 դրամ, միջին աշխատավարձը հասցնել 259.000 դրամի, իսկ միջին կենսաթոշակը հասցնել առնվազն 73.000 դրամի: Երեխաների ծնունդի միանվագ նպաստը սահմանել 1.5 միլիոն դրամ, երրորդ եւ չորրորդ երեխաների համար՝ 2 միլիոն, իսկ հինգերորդից սկսած՝ 3 միլիոն դրամ:

«Հայկական վերածնունդ» կուսակցություն

Կուսակցությունը խոստանում է ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի ազգային մարմին, ավանդների ամբողջական վերադարձ` ներառյալ ավանդատուների ժառանգներին ավանդների փոխհատուցում, մինչեւ 18 մլն. դրամ տարեկան ապրանքաշրջանառություն ունեցող ձեռնարկություններին եւ անհատ ձեռնարկատերերին՝ 3 տարով հարկերից ազատում, շքեղության հարկի կիրառում, որի արդյունքում հարուստներն ավելի շատ պետք է վճարեն, քան անապահովները:

«Հայկական վերածնունդը» խոստանում է բանկային համակարգում վարկավորման տոկոսադրույքների կտրուկ կրճատում, հիփոթեքային վարկավորման դեպքում կանխավճարի վերացում, առնվազն 20-30 տարվա վարկավորման մեխանիզմների ապահովում:

Կուսակցությունն առաջարկում է առողջապահության ոլորտում պետպատվերի համակարգը փոխարինել հասցեական գումարային սերտիֆիկատներով: Յուրաքանչյուր ամուսնացող զույգին պետական բյուջեից միանվագ տրամադրել 500.000 դրամ աջակցություն, ավելի քան 200.000 հաշմանդամների թոշակների բարձրացում եւ ինդեքսավորում:

ՀՎԿ-ն խոստանում է նվազագույն աշխատավարձը առաջիկա տարիների ընթացքում հասցնել 100.000 դրամի, կենսաթոշակները հասցնել նվազագույն սպառողական զամբյուղի մակարդակին, ՀՀ մարզերում ձեւավորել անվճար մանկապարտեզների ցանց:

«Ծառուկյան» դաշինք

Դաշինքը խոստանում է միջին կենսաթոշակի չափը համապատասխանեցնել նվազագույն կենսապահովման զամբյուղին, այն բարձրացնել 25 հազար դրամով, 2018 թվականի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը սահմանել 80 հազար դրամ:

Առաջիկա երեք տարիներին փոքր եւ միջին ձեռնարկություններն ազատել հարկերից, առաջիկա հինգ տարիներին մինչեւ 30 մլն ՀՀ դրամ շրջանառություն ունեցող տնտեսավարող սուբյեկտներին ազատել հարկերից:

Դաշինքն առաջարկում է գյուղատնտեսական վարկերի տոկոսը սահմանել մինչեւ 3-5 %: Դաշինքը խոստանում է սառեցնել կուտակային կենսաթոշակային համակարգի գործունեությունը, էապես իջեցնել գազի սակագինը, կտրուկ իջեցնել էլէներգիայի սակագինը, մաքսային ոլորտում վերացնել, այսպես կոչված, « հսկիչների» կիրառումը, առողջապահական ոլորտում արմատապես փոխել պետական պատվերի տրամադրման համակարգը՝ սոցիալապես անապահով խավերին տրամադրել իրենց հասանելիք սերտիֆիկատը, պետական պատվերի համակարգը ամբողջությամբ սերտիֆիկացնել:

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինք

Դաշինքը առաջարկում է ազատ եւ հավասար մրցակցություն հաստատելու, մենաշնորհների եւ օլիգոպոլիաների դեմ արդյունավետորեն պայքարելու նպատակով՝ ընկերությունների համար սահմանել շուկայում ունեցած մասնաբաժնի առավելագույնը 33 տոկոսի շեմ, հարկատեսակների թիվը 15-ից իջեցնել 6 (շահութահարկ, եկամտահարկ, ակցիզային հարկ, ավելացված արժեքի հարկ, տեղական հարկ, ինչպես նաեւ մաքսատուրք): Շրջանառության հարկը կարող է կիրառվել միայն որպես փոխարինող հարկ: Դաշինքն առաջարկում է շահութահարկի, եկամտահարկի եւ ավելացված արժեքի հարկերի դրույքաչափերը սահմանել 15 տոկոս, վերացնել ավելացված արժեքի հարկի գանձումը սահմանին, մաքսատուրքը հաշվարկել բացառապես հաշիվ- ապրանքագրում (ինվոյսում) նշված գնի հիման վրա։

Դաշինքը խոստանում է ինովացիոն բիզնեսը ազատել շահութահարկից առաջին 2 տարիների համար, հետագա 5 տարիներին այդ գումարները բյուջե մուծելու պայմանով, գազի ու էլէներգիայի սակագները նվազեցնել 25 տոկոսով, առնվազն երկու անգամ նվազեցնել երթեւեկության կանոնների խախտման համար գանձվող տուգանքները, զրոյացնել գյուղացիական վարկերի տույժ- տուգանքները, մշակել Նաիրիտի վերագործարկման նոր ծրագիր:

Հայաստանի հանրապետական կուսակցություն

ՀՀԿ-ի տնտեսական քաղաքականության օրակարգի առաջին հորիզոնականում են լինելու մակրոտնտեսական կայունության հետագա ամրապնդումը, ներդրումային միջավայրի բարելավումն ու նոր ներդրումների ներգրավումը, տնտեսական կյանքում հավասար մրցակցային պայմանների ապահովումն ու հովանավորչության վերացումը:

ՀՀԿ-ի նպատակն է օտարերկրյա ներդրումների` ներկայիս անբավարար մակարդակի կտրուկ աճի ապահովումը։ ՀՀԿ-ի առաջիկա քայլերից են իրատեսական ներդրումային ծրագրերի իրականացմանը նպաստելու նպատակով ներդրումային հիմնադրամի ստեղծումը, Հայաստանում «պետություն-մասնավոր» գործընկերության արդյունավետ մոդելի ներկայացումը:

ՀՀԿ-ն նպատակ է դրել նեղ ուղղվածությամբ արտահանող տնտեսությունից անցում կատարել դեպի դիվերսիֆիկացված, արտահանման խթանման ենթակառուցվածքներով ապահովված, արտաքին, առաջին հերթին՝ հարեւան շուկաների պահանջարկին արագ արձագանքող տնտեսություն:

Հայաստանի կոմունիստական կուսակցություն

Կոմկուսը խոստանում է մերժել ոչ արդյունավետ ազատական տնտեսական քաղաքականությունը, որւ հանգեցրել է սոցիալական բեւռացման: Կոմկուսը կիրականացնի հարկային ճնշման իջեցման քաղաքականություն, որը կնպաստի կոռուպցիայի նվազմանը: կոմկուսը խոստանում է մեծացնել պետության մասնաբաժինը տնտեսության մեջ, վարել արդյունավետ մոբիլիզացիոն քաղաքականություն եւ հանսել ՀՆԱ 7-8 տոկոսանոց աճի:

Կոմկուսը գներն ու սակագները կհամադրի բնակչության գնողունակության հետ, կհասնի նրան, որ կոմունալ ծախսերը չանցնեն բնակչության եկամուտների 10-15 տոկոսից:

Կոմկուսը խոստանում է բանկերում քաղաքացիների ավանդագրված գումարները վերածել շահավետ բաժնեմասերի՝ ներդրումներ կատարելու համար:

Կոմկուսն առաջարկում է գյուղացիներին երկարաժամկետ վարկեր տալ 2-3 տոկոսադրույքով, գյուղացու աշխատանքը հաշվել որպես աշխատանքային ստաժ, սուբսիդավորել գյուղմթերքների արտադրությունը:

Կոմկուսը հանդես է գալիս անուղակի հարկերի շարունակական եւ աստիճանական նվազման օգտին:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք

Դաշինքը խոստանում է վերացնել արհեստական մենաշնորհների արատավոր համակարգը, փոքր բիզնեսի համար տրամադրել հարկային արձակուրդ՝ 5 տարի ժամկետով, ավելացված արժեքի հարկը սահմանել 18 տոկոս, բարձրացնել ավտոմոբիլային ճանապարհների ասֆալտե ծածկույթի հանդեպ ներկայացվող պահանջները, տասնապատկել բնությանը վնաս հասցնելու համար սահմանված տուգանքները:
Դաշինքը իշխանության գալու դեպքում կկիրառի գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների պետական սուբսիդավորում մինչեւ 50% չափով, կտարանջատի բիզնեսն ու իշխանությունը:

«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն

ՀՅԴ-ն խոստանում է ապահովել տնտեսական աճի եւ ստեղծված տնտեսական արդյունքի արդար բաշխումը հասարակության բոլոր անդամների միջեւ, ստեղծել առողջապահական ապահովագրության այնպիսի համակարգ, որ մեր որեւէ հայրենակից զուրկ չլինի բուժում ստանալու հնարավորությունից. որեւէ մեկը չպետք է տառապի կամ մահանա, քանի որ դեղի կամ բժշկի փող չունի, ստեղծել արդար պայմաններ ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար, ուժեղացնել մենաշնորհների եւ անբարեխիղճ մրցակության դեմ պայքարը՝ խստացնելով մրցակցության համար պատիժների համակարգը եւ երաշխավորելով ազատ մուտքը շուկա, թեթեւացնել տեսչական բեռը, գիտակցել, որ տեսչական ստուգումները պետք է ուղղված լինեն միայն անբարեխիղճ տնտեսվարողների դեմ եւ չպետք է մահակ դառնան բարեխիղճ ձեռնարկությունների գլխին, վերանայել բնական մենաշնորհների կողմից տրամադրվող ծառայությունների գները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ