News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ադրբեջանն իրեն աշխարհում զենքի խոշոր արտահանող է երեւակայում եւ ահա տիեզերական մաքոք է ստեղծում։ Այս մասին հայտնել է ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովի հայտարարությունը՝ անօդաչու Zerbe KH (կուտակային լիցքով) թռչող սարքի շուրջ աշխատանքների, ինչպես նաեւ էլեկտրոմագնիսային բարձր ազդակով տեխնիկայի եւ արկեր ստեղծելու աշխատանքների վերաբերյալ։ 

Փորձագետը հիշեցրել է, որ բարձր էլեկտրոմագնիսային ազդակով տեխնիկայի ու արկերի շուրջ աշխատանքներ տարվում են աշխարհում, սակայն դեռ որոշակի հաջողված արդյունքներ չկան։ Այսպիսով, Ադրբեջանը մտադրվել է շրջանցել համաշխարհային խոշորագույն զենք արտադրողներին՝ Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Չինաստանին, Իսրայելին։

«Յավեր Ջամալովը հայտնի է բյուջեից գումարներ ստանալու իր նախագծերով։ Ադրբեջանը շարունակում է միլիարդներ ծախսել՝ չնայած նավթադոլարների հոսքի նվազմանը, սակայն սպառազինության ստեղծման նախագծերի շուրջ զգալի արդյունքների չի հասել։ Ինչպես եւ նախկինում՝ ամեն ինչ արտասահմանյան արտադրության է», - նշել է Արկադի Գրիգորյանը։

Փորձագետը հիշեցրել է, որ անցյալ տարվա ապրիլին Ադրբեջանի գործի դրած հարվածային դրոններն իսրայելական արտադրության էին։

«Կապված մեծ տարածություններում ռազմական տեխնիկայի կործանման համար նախատեսված Zerbe KH-ի մշակման հետ՝ դրա նպատակահարմարությունը կասկածներ է առաջացնում։ Հատկապես իսրայելական հակատանկային կառավարվող «Սփայք» հրթիռների առկայության դեպքում», - հավելել է Գրիգորյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ