News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեան դատապարտել է ԱՄՆ-ին՝ «զանգվածային ռազմավարական միջուկային ակտիվները» Կորեական թերակղզի բերելու համար, հայտնում է Reuters–ը։

Լարվածությունը սկսել է աճել անցած շաբաթվանից, երբ ամերիկյան ՌԾՈՒ-երը 59   հրթիռ են արձակել Սիրիայի ավիաբազայի վրա՝ պատասխանելով Իդլիբում տեղի ունեցած մահաբեր քիմիական հարձակմանը։ Այս կապակցությամբ ուժեղացել է մտահոգությունը նաեւ Հյուսիսային Կորեայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրերի կապակցությամբ՝  հաշվի առնելով, որ այդ երկիրը փորձարկում է հրթիռներ ու միջուկային զենք՝ անտեսելով ՄԱԿ-ի բանաձեւերն ու պատժամիջոցները։

ԱՄՆ-ն նախազգուշացրել է, որ «ռազմավարական համբերության» քաղաքականությունը ավարտին է մոտեցել։ Երկրի փոխնախագահ Մայք Փեյնսը կիրակի կայցելի Հարավային Կորեա ։

Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ին կից զինաթափման ու խաղաղության ինստիտուտի ներկայացուցիչը հրապարակել է հայտարարություն, որում դատապարտել է Սիրիայում ԱՄՆ-ի հարձակումը։

«ԱՄՆ-ն աշխարհի ամենաթեժ կետերից մեկը՝  Կորեական թերակղզի է բերում զանգվածային ռազմավարական միջուկային ակտիվներ, ինչը լրջորեն սպառնում է թերակղզու խաղաղությանն ու անվտանգությանը ու տարածաշրջանում նախապատերազմական վիճակ ստեղծում»,- ասված է հայտարարության մեջ, որը մեջբերում է Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությունը։ «Դա ստեղծում է վտանգավոր իրավիճակ, որի դեպքում թերակղզում ցանկացած պահի կարող է սկսվել ջերմամիջուկային պատերազմ։ Դա լուրջ սպառնալիք է համաշխարհային խաղաղության  ու անվտանգության համար , էլ չասենք Հյուսիս- արեւելյան Ասիայի մասին»։

Հյուսիսային Կորեան ապրիլի 15-ին տոնում է երկրի հիմնադիր Կիմ Իր Սենի ծննդյան 105-րդ տարելիցը։ Փհենյանը սովորաբար այդ տոնի կապակցությամբ կազմակերպում է հրթիռային ու միջուկային փորձարկումներ, սպառնում ԱՄՆ-ին, Հարավային Կորեային ու Ճապոնիային։

Որպես ռազմական մկանների ցուցադրություն՝ ԱՄՆ-ն Աֆղանստանի վրա է նետել «բոլոր ռումբերի մայրը» ՝ ամենահզոր ոչ միջուկային ռումբը, որը երբեւէ կիրառվել է ռազմական գործողություններում։ Որոշ փորձագետներ ԻՊ-ի դեմ պայքարի պատրվակով  իրականացված այդ ռմբակոծությունն ընկալել են որպես նախազգուշացում՝ ուղղված Հյուսիսային Կորեայի հավակնոտ առաջնորդ Կիմ Չեն Ընին։

Չինաստանը, Հյուսիսային Կորեայի միակ խոշոր դաշնակիցն ու հարեւանը, որը բայցեւայնպես դատապարտում է Փհենյանի միջուկային ծրագիրը, կոչ է արել բանակցություններ սկսել հակամարտության խաղաղ կարգավորման ու թերակղզու ապամիջուկայնացման համար։

«Ռազմական ուժը չի կարող լուծել խնդիրը»,- ասել է Չինաստանի արտգարծնախարար Վան Ին։

Չնայած Թրամփը Հյուսիսային Կորեային հայտնել էր, որ այլեւս չի հանդուրժի սադրանքներ, ամերիկյան չինովնիկների խոսքով Թրամփի վարչակազմը կենտրոնացել է տնտեսական պատժամիջոցների խստացման վրա։

Թրամփը վստահություն է հայտնել, որ Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը «համառ ջանքեր կգործադրի» Փհենյանի շուրջ իրավիճակի կարգավորմանն օգնելու համար։

Միաժամանակ ԱՄՆ նախագահը ասել է, որ առանց Չինաստանի օգնության էլ իր երկիրը պատրաստ է անհրաժեշտության դեպքում ինքնուրույն կանխել ճգնաժամը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ