News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր թեյի սեղանի շուրջ հանդիպում է ունեցել ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ: Ողջունելով նման ձեւաչափով արդեն ավանդական դարձած հանդիպումները՝ Հանրապետության Նախագահը նշել է, որ օրեր առաջ Հայաստանում կայացած կարեւորագույն իրադարձությունը՝ խորհրդարանական ընտրությունները, այսօրվա հանդիպման առիթն են՝ նկատի առնելով, որ ընտրություններից անցել է շուրջ երկու շաբաթ, եւ տեղին է անդրադառնալ դրանց՝ որպես կայացած իրողության: Սերժ Սարգսյանը, հիշելով 2016թ. ապրիլյան պատերազմի օրերին նման ձեւաչափով դեսպանների հետ վերջին հանդիպումը՝ հույս է հայտնել, որ ապրիլյան դասերը ոչ միայն Ադրբեջանի համար են, այլեւ բոլորի՝ որպես ԵԱՀԿ անդամ երկրներ, որպես մեկ միասնական անվտանգային տարածք, որպեսզի բոլորը շատ ավելի աչալուրջ լինեն հնչող ահազանգերին եւ անվտանգության սպառնալիքներին: Հանրապետության Նախագահն իր ներածական խոսքում ոչ միայն անդրադարձել է ՀՀ ԱԺ ընտրություններին, դրանց միջազգային դիտորդական առաքելությունների տված գնահատականներին, այլեւ պատասխանել է հանդիպման մասնակիցներին հետաքրքրող բոլոր հարցերին:

Դեսպանների հարցերը վերաբերել են ինչպես Նախագահի ելույթում խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ տրված գնահատականներին, այնպես էլ հետընտրական շրջանում Հայաստանի ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ շարունակական քայլերին, կառավարության բարեփոխումների օրակարգին, կոռուպցիայի դեմ պայքարի ջանքերին, քաղաքացիական հասարակության եւ հասարակության տարբեր շերտերի, այդ թվում՝ երիտասարդության հետ աշխատանքին ու նրանց հետ սկսված համագործակցության զարգացման ծրագրերին, նաեւ՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին եւ տարածաշրջանային զարգացումներին:

Դեսպանները շնորհակալություն են հայտնել Նախագահ Սարգսյանին նման ձեւաչափով հանդիպումները պարբերական դարձնելու համար եւ նշել, որ բաց ու անկեղծ մթնոլորտում տեղի ունեցող զրույցի ընթացքում իրենք հնարավորություն են ստանում բավականին կարեւոր եւ հանգամանալից տեղեկություններ ստանալ իրենց հետաքրքրող հարցերի մասին անմիջապես երկրի Նախագահից, լսել տարբեր խնդիրների եւ դրանց լուծման ուղիների վերաբերյալ Նախագահի տեսակետներն ու պատկերացումները:

Խորհրդարանական ընտրությունների հետ կապված Նախագահ Սարգսյանը նշել է, որ ոչ միայն ընտրությունների պարագայում, այլեւ բոլոր երեւույթները գնահատելիս, մշտապես աշխատում է խուսափել «ամենա-ամենա» բնորոշումներից եւ նախընտրում է գործընթացներին ուղղակի տալ համատեքստային գնահատական: «Կցանկանայի նշել, որ այս ընտրություններն արձանագրեցին այն կարեւոր առաջընթացը, որին Հայաստանը հասել է ժողովրդավարության եւ պետականաշինության գործում: Ընտրություններում, իմ կարծիքով, առաջընթացը պայմանավորված էր մի քանի հանգամանքներով, որոնցից երեքի վրա ցանկանում եմ հրավիրել ձեր ուշադրությունը:

Առաջին հանգամանքը, կարծում եմ, այն է, որ վերջին տարիներին մեզ հաջողվեց անշրջելի դարձնել մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների առաջմղումը»,-նշել է Նախագահը, միաժամանակ ընդգծելով, որ մարդու իրավունքները եւ հիմնարար ազատություններն այն համատեքստն են, որոնց շրջանակներում Հայաստանում տեղի են ունենում ընտրությունները. «Քաղաքական եւ հասարակական կյանքում բազմակարծությունը, որ դրսեւորվում է քաղաքական կուսակցությունների եւ կենսունակ քաղաքացիական հասարակության գործունեությամբ, վերջին տասնամյակում իրողություն է դարձել: Ասածս չի նշանակում, որ մենք այստեղ լուծելու խնդիրներ չունենք. մենք շատ խնդիրներ ունենք լուծելու: Ասածս այն է, որ այդ հիմքերն արդեն ամուր են, եւ դրանց վրա մենք կարող ենք կառուցել այն շենքը, որն անհրաժեշտ է մեր ժողովրդին»,-ասել է Հանրապետության Նախագահը:

Ընտրություններում արձանագրված առաջընթացի երկրորդ հանգամանքը, Նախագահի կարծիքով, քաղաքական ուժերի միջեւ քաղաքական համաձայնության կայացումն էր, իսկ երրորդը՝ միջազգային համագործակցության շատ բարձր մակարդակը:

«Այս տեսակետից ես պետք է երախտագիտությունս հայտնեմ այն երկրներին, որոնց ներկայացուցիչները մասնակցեցին խորհրդարանական ընտրությունների դիտարկմանը՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի, ԱՊՀ քարտուղարության, ԱՊՀ Խորհրդարանական վեhաժողովի, Եվրախորհրդարանի, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կամ հենց դեսպանությունների դիտորդական առաքելությունների կազմում:

Հայաստանը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին, որն առանցքային դերակատարում ուներ ընտրական մի շարք առաքելությունների աշխատանքները համակարգելու գործում, տվել էր անսահմանափակ դիտորդներ տեղակայելու հնարավորություն: Ուրախ եմ նշել, որ ԺՀՄԻԳ-ը զգալիորեն ավելացրեց դիտորդների քանակը հենց ընտրությունների նախօրեին՝ այն բացատրությամբ, որ մեր ընտրությունները հարուցել են շատ երկրների հետաքրքրությունը, եւ մենք համաձայնվեցինք, որ հիսունով ավելանա դիտորդների քանակը»,-ասել է Նախագահ Սարգսյանը:

Հանդիպման ներածական խոսքի ավարտին Հանրապետության Նախագահը վստահություն է հայտնել, որ ԵԱՀԿ անդամ երկրների հետ Հայաստանի համագործակցությունը փոխադարձ շահավետ է եւ լավ ավանդույթներ է ստեղծում տարածաշրջանում, ինչն ուղղակի անհրաժեշտություն է տարածաշրջանի համար: «Մենք շարունակելու ենք լիարժեքորեն կատարել մեր միջազգային պարտավորությունները՝ անշուշտ ապավինելով նաեւ ձեր երկրների աջակցությանը»,-ընդգծել է Նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ