News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Վերաքննիչ քրեական դատարանում այսօր՝ ապրիլի 20-ին, Արցախի պաշտպանական բանակի նախկին հրամանատար, անազատության մեջ գտնվող Սամվել Բաբայանի կալանքի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոքի քննությանը ներկա է եղել նաեւ ինքը՝ Բաբայանը: Լրագրողների հետ զրույցում նրա շահերի պաշտպան Ավետիս Քալաշյանը նշեց, որ Սամվել Բաբայանը դատարանում նշել է, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը եւ համարում է, որ այն անհիմն է: Պաշտպանի խոսքով, Սամվել Բաբայանը դատարանին խնդրել է արդարացի որոշում կայացնել, քանի որ նման արարք չի կատարել:

«Նա եւս գտնում է, որ իր նկատմամբ կալանքն անհիմն է եւ դատարանին խնդրեց արդարացի որոշում կայացնել: Նա նշեց, որ ինքը նման արարք չի կատարել, եղել է Արցախի հերոս եւ եթե պատերազմի ժամանակ չի փախել, ուրեմն հիմա էլ չի փախչի: Թե դատախազը, թե քննիչն առարկեցին՝ նշելով, որ առաջին ատյանի որոշումն օրինական եւ հիմնավոր է»,-ասաց Ավետիս Քալաշյանը:

Դատարանը լսել է կողմերին եւ բողոքի քննության որոշումը կհրապարակի ապրիլի 21-ին:

Պաշտպանը եւս մեկ անգամ նշեց, որ դեռեւս հիմքեր չկան համարելու, թե իր պաշտպանյալի նկատմաբ  քաղաքական հետապնդում է իրականացվում. «Ես, որպես փաստաբան, այս հարցին նայում եմ զուտ քրեաիրավական հարթության մեջ եւ ես դեռեւս որեւէ հիմք չունեմ այս հարցին քաղաքական տեքստ տալու»:

Նա նշեց, որ առկա է դատաձգաբանական փորձաքննության պատասխանը, ըստ որի հայտնաբերված այդ առարկան զուտ ռազմամթերք է, բայց զենք չի, քանի որ այդ վիճակում չի կարող գործարկվել, որովհետեւ անհրաժեշտ մասերը բացակայում են: Պաշտպանի խոսքով, խողովակի վրա հայտնաբերված մատնահետքերը քրեական գործով ներգրավված անձնացից որեւէ մեկին չեն պատկանում:

Պաշտպանի խոսքով, Սամվել Բաբայանի դեմ ոչ ոք ցուցմունք չի տվել, այս ընթացքում Սամվել Բաբայանի հետ կապված ընդամենը մեկ քննչական գործողություն է տեղի ունեցել՝ առերեսում նույն գործով կալանավորված Սանասար Գաբրիելյանի հետ, որը հերքել է այն հանգամանքը, որ Սամվել Բաբայանը որեւէ առնչություն ունի «Իգլայի» հետ: Ավետիս Քալաշյանը նաեւ նշեց, որ Սամվել Բաբայանը, բացի Սանասար Գաբրիելյանից, գործով կալանավորված մյուս անձնաց չի ճանաչում:

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանը, հիմնավոր համարելով մինչդատական վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը, 2017 թվականի մարտի 24-ի որոշմամբ  մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել կալանավորումը՝ 2 ամիս ժամկետով: Սամվել Բաբայանի շահերի պաշտպանը Վերաքննիչ բողոք էր ներկայացրել՝ բողոքարկելով Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ Բաբայանի նկատմամբ երկամսյա կալանք կիրառելու մասին:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով և 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է՝ ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ: Պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով:

235.1 հոդվածի 2-րդ մասը սահմանում է՝ խիստ ներգործող, թունավոր, պայթուցիկ, ռադիոակտիվ նյութերի, ճառագայթման աղբյուրների, միջուկային նյութերի, հրազենի կամ նրա բաղկացուցիչ մասերի, բացի ողորկափող որսորդական հրազենից և դրա փամփուշտներից, պայթուցիկ սարքերի, ռազմամթերքի, զանգվածային ոչնչացման զենքի, դրա տեղափոխման միջոցների, այլ զինամթերքի, ռազմական տեխնիկայի, զանգվածային ոչնչացման զենք կամ դրա փոխադրման հրթիռային համակարգեր ստեղծելու համար օգտագործվող այլ նյութերի կամ սարքավորումների, միջուկային, քիմիական, կենսաբանական կամ զանգվածային ոչնչացման այլ զենքի կամ երկակի նշանակության ապրանքների, ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների կամ մշակութային արժեքների մաքսանենգությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ: Այն պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ