News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ ապրիլի 25-ին, ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հնդկաստանի փոխնախագահ, խորհրդարանի վերին պալատի նախագահ Մոհամմադ Համիդ Անսարիի գլխավորած պատվիրակությանը:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Հանրապետության նախագահը ողջունել է հյուրերին Հայաստանում՝ հույս հայտնելով, որ Հնդկաստանի փոխնախագահի պաշտոնական այցը Հայաստան նոր լիցք կհաղորդի հայ-հնդկական դարավոր բարեկամությանը: Անդրադառնալով հայ-հնդկական պատմական առնչություններին՝ նախագահ Սարգսյանը նկատել է, որ դեռեւս 17-19-րդ դարերում Հնդկաստանում կազմավորված հայկական համայնքներն ակտիվ դերակատարություն են ունեցել Հնդկաստանի հասարակական, քաղաքական, տնտեսական ու մշակութային կյանքում, այդ թվում՝ Կալկաթայի, որտեղ ծնվել է Հնդկաստանի փոխնախագահ Մոհամմադ Համիդ Անսարին:

Զրուցակիցները երկուստեք համակարծիք են եղել, որ հազարամյակների պատմություն ունեցող հայ-հնդկական հարաբերություններն ամուր հիմք են միջպետական կապերի ամրապնդման եւ տարբեր ոլորտներում համագործակցության օրակարգն ընդլայնելու համար:

Նախագահ Սերժ Սարգսյանը եւ Հնդկաստանի փոխնախագահ Մոհամմադ Համիդ Անսարին կարեւորել են բարձրաստիճան փոխայցելությունները եւ տարբեր մակարդակներում ակտիվ շփումները, այդ թվում՝ երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ:

Հնդկաստանի փոխնախագահը հանդիպման ժամանակ Հանրապետության նախագահին է փոխանցել Հնդկաստանի նախագահ Պրանաբ Մուքերջիի ուղերձը, որով նա նախագահ Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով հրավիրում է Հնդկաստան՝ քննարկելու հայ-հնդկական փոխգործակցության օրակարգն ու հարաբերությունների խորացման հնարավորությունները եւ հեռանկարը:

Երկկողմ կապերից բացի, հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանի իրավիճակին, առկա մարտահրավերներին, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին, ինչպես նաեւ միջազգային արդի խնդիրներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ