News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ապրիլի 25-ին Ռումինիայի Կոնստանցա քաղաքի առափնյա ամենաբանուկ զբոսանքի վայրում բացվեց խաչքար-հուշարձան «ի նշան Դոբրոջայում հայության դարավոր ներկայության եւ որպես երախտագիտություն այն հյուրընկալ վերաբերմունքի համար, որով ընդունվել են ռումին ժողովրդի կողմից: Նաեւ ի հիշատակ հայ ժողովրդի հերոս նախնիների ու նահատակների, որոնք կյանքի գնով պաշտպանել են իրենց հավատքն ու ինքնությունը»:

Բացման հանդիսավոր արարողությանը հարյուրավոր ռումինահայերի, համայնքի հոգեւոր եւ աշխարհիկ ղեկավարների եւ Հայաստանի դեսպանի հետ մեկտեղ ներկա էին Կոնստանցայի նահանգային խորհրդի նախագահ Հորիա Տուտույանուն, պրեֆեկտ Ադրիան Նիկոլաեսկուն, քաղաքապետ Դեչեբալ Ֆագադաուն, հույն, հրեա, ռուս եւ թուրք-թաթարական համայնքի ղեկավարներ, համալսարանականներ եւ լրագրողներ:

Հայ-ռումինական դարավոր բարեկամության, ռումինական հանրային կյանքում հայերի խոշոր ներդրման, վերջին քառորդ դարի ընթացքում Հայաստանի եւ Ռումինիայի միջեւ ծավալվող սերտ համագործակցության մասին ելույթներով հանդես եկան Կոնստանցայի քաղաքապետ Դեչեբալ Ֆագադաուն եւ դեսպան Համլետ Գասպարյանը: 1915թ. հետո Ռումինիայի կողմից հայ փախստականներին ընդունելու եւ ապաստան տրամադրելու համար ռումին ժողովրդին եւ կառավարությանն ուղղված երախտագիտության խոսքերով հանդես եկան Ռումինիայի Հայոց միության նախագահ, պատգամավոր Վարուժան Ոսկանյանը, Ռումինիայի Խորհրդարանի ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար, պատգամավոր Վարուժան Փամբուկչյանը եւ Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթեւ Եպիսկոպոս Հակոբյանը, ով նաեւ կատարվեց խաչքարի օծումը:

Խաչքարը տեղադրվել է Ռումինիայի Հայոց թեմի՝ ի դեմս Ռումինիայի Հայոց միության Կոնստանցայի մասնաճյուղի նախագահ Լիվիու Մերդինյանի եւ Կոնստանցայի հայոց եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Օշական Խաչատրյանի, եւ Կոնստանցայի հայ համայնքի միասնական ջանքերով: Հուշարձանի բացմանը ներկա էր նաեւ խաչքարի հեղինակ Արտակ Համբարձումյանը, ով այն կրկնօրինակել է 16-րդ դարի վերջի Հին Ջուղայի մի խաչքարից:

Միջոցառումը լայնորեն լուսաբանվեց տեղական ԶԼՄ-ների կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ