Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի եւ Ուայթհոլլ կառավարական թաղամասի մերձակայքում, ոստիկանությունը դանակներով զինված տղամարդու է ձերբակալել։ Համաձայն Սքոթլենդ Յարդի՝ ձերբակալվածին կասկածում են ահաբեկչություն իրականցնելու մտադրության մեջ, հաղորդում է BBC-ին։
Ականտեսը հայտնել է, որ տեսել է գետնին ընկած երկու դանակներ, դրանցից մեկը՝ մեծ խոհանոցային դանակ, որն օգատգործվում է հաց կտրատելու համար։
Շուտով լրատվական գործակալություններում հայտնվեց նրա ձերբակալության լուսանկարը։ Նշվում է, որ միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել։
Դեպքի վայր են ժամանել քրեագետները։
Ինչպես հաղորդել է Սքոթլենդ Յարդը՝ ձերբակալությունը տեղի է ունեցել ահաբեկչության դեմ պայքարի օրենքի հիման վրա։ Տղամարդը, ով մոտավորապես 25-30 տարեկան է, գտնվում է հարավային Լոնդոնի ոստիկանական տեղամասում։ Նրան կասկածում են սառը զենք կրելու եւ ահաբեկչական ակտ նախապատրաստելու մեջ։