News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Freedom House կազմակերպությունը, որն ուսումնասիրում է աշխարհի երկրներում ժողովրդավարության, քաղաքական ազատությունների եւ մարդու իրավունքների իրավիճակը, հրապարակել է Մամուլի ազատության մասին ամենամյա զեկույցը: Ըստ զեկույցի, մամուլի ազատությունն աշխարհում գրանցել է անկում, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Freedom House կազմակերպության «Մամուլի ազատությունն աշխարհում» զեկույցի համաձայն, 2016 թվականին աշխարհի բնակչության միայն 13 տոկոսն էր ապրում ազատ մամուլ ունեցող երկրներում։ Բնակչության 42 տոկոսն է օգտվում մասնակի ազատ մամուլից։ Աշխարհի բնակչության 45 տոկոսն ունի ոչ ազատ մամուլ։

Մամուլի ազատությունը նման ցածր մակարդակի վրա չի եղել նախորդ 13 տարիների ընթացքում։ Միացյալ Նահանգները Freedom House-ի կողմից անցած 38 տարիներին անցկացված ուսումնասիրությունների ընթացքում չի գրանցել այնպիսի ցածր ցուցանիշ, ինչպես 2016-ին։

Ինչպես զեկույցում է ասված, ԱՄՆ-ի պատմության մեջ որեւէ նախագահ մամուլի նկատմամբ չի ունեցել այնպիսի արհամարհական կեցվածք, ինչպես ներկա նախագահը։ Սակայն հակառակ նախագահի դիրքորոշմանն ու նրա կողմից մամուլի դեմ արված հայտարարություններին, ինչպես նաեւ միավորների մեջ բացասական ցուցանիշին, մամուլը Միացյալ Նահանգներում մնում է ազատ։ Բայց վտանգն այն, ասված է զեկույցում, որ այս անկումը կարող է ԱՄՆ-ին զրկել լավ օրինակ հանդիսանալու դիրքից։

Աշխարհում մամուլի ազատության ցուցանիշի վրա բացասական մեծ ազդեցություն են գործում Ռուսաստանն ու Չինաստանը, որտեղ այդ երկրների վարչակարգերն ուժեղացնում են ազդեցությունը իրենց տարածքներից դուրս, ու պետական իրենց քարոզչությունը ծավալում այլ երկրներում եւս։

Ուկրաինան համարվում է մասնակի ազատ մամուլի ասպարեզում, սակայն՝ քննադատության է արժանանում ռուսալեզու մամուլի դեմ իրագործող սահմանափակումների պատճառով։

Աշխարհում կան դեպքեր, երբ նախագահի մակարդակով մահվան սպառնալիքներ են հնչում լրագրողների նկատմամբ։ Այդ երկրներից է Ֆիլիպինները։

Զարմանալի է, որ ոչ ազատ մամուլ ունեցող երկրների շարքում է մնում Մյանմարը, չնայած այն հանգամանքին, որ երկրի փաստացի ղեկավարն է ժամանակին ժողովրդավարության համաշխարհային խորհրդանիշ դարձած Օնգ Սան Սու Չին։ Այստեղ հաճախ են այսօր ձերբակալվում լրագրողներ ու ենթարկվում պատիժների։

Տպել
Ամենաշատ