News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հրազդանի բնակչուհի, 36-ամյա Քրիստինե Քոչարյանը շտապ բժշկական օգնության կարիք ունի: Քրիստինեն ունի մի քանի հիվանդություններ, որոնք փոխկապակցված են միմյանց հետ եւ որոնց հետագա բուժումն ու Քրիստինեին լիարժեք կյանքի վերադարձնելը հնարավոր է միայն արտերկրում: Ինչպես NEWS.am-ին պատմեց երիտասարդ աղջիկը, դեռ 16 տարեկան էր, երբ բանակում զոհվեց եղբայրը, որից հետո ապրումների հետեւանքով կոմայի մեջ ընկավ:

««Հանրապետական» հիվանդանոց ինձ տարան, 4 օր կոմայի մեջ եմ եղել ու մի քանի հետազոտություններից հետո պարզ դարձավ, որ ինձ մոտ շաքարային դիաբետ է, որը սթրեսի հետեւանք է: Հաշտվեցի այդ մտքի հետ ու սկսեցի պայքարել ու կառավարել հիվանդությունը: Շաքարս մեկ բարձրանում էր, մեկ իջնում: Սակայն կամքի ուժը չէի կորցնում, որովհետեւ ունեի երազանքներ: Ընդունվեցի Երեւանի Մանկավարժական համալսարանի գիդ-թարգմանիչ բաժինն ու ավարտեցի: Շատ էի երազում աշխատել, ուզում էի նաեւ բժիշկ դառնալ, բայց չստացվեց, որովհետեւ երկրորդ հարվածը ստացա»,-պատմում է Քրիստինեն:

Քրիստինեի հավաստմամբ, հենց շաքարային դիաբետի բերած խնդիրների պատճառով 33 տարեկանում սրտի կաթված է ստացել՝ լարման ստենոկարդիա: Ծնողներն այս անգամ աղջկա կյանքը փրկելու համար ստիպված եղան ծախելու իրենց միակ բնակարանը եւ վճարելու սրտի վիրահատության 7000 դոլարը:

«Սիրտս էլ վիրահատեցին, բաց վիրահատություն էր, շունտավորում արեցին ու թվում էր, թե վիճակս կայունանում է, բայց միայն երեք տարի տեւեց այդ ամենը: Վերջերս կրկին ինձ վատ էի զգում, գանգատներ ունեի, ջերմություն, սրտխառնոց, բարձր ճնշում ու պարզվեց, որ հիմա էլ երիկամներս չեն գործում: Ախտորոշումը՝ երիկամների խրոնիկ անբավարություն: Բժիշկները արագ որոշում կայացրին դիալեզ անելու ու հիմա օրը մեջ գնում ենք Երեւան դիալեզ ընդունում ու գալիս, բայց ես զգում եմ, որ վիճակս գնալով վատանում է, քաշս 51 կգ-ից իջել է 40կգ -ի: Բժիշկս ինձ ասաց, որ փրկությունս միայն արտերկրում է՝ երիկամի փոխպատվաստում է պետք»-,-ասաց նա:

Քրիստինեն ծնողների հետ այսօր վարձակալում է իրենց վաճառած բնակարանը: Հայրը թոշակառու է: Ընտանքիը գոյատեւում է զոհված եղբոր, Քրիստինեի եւ հոր թոշակներով: Ամսական եկամուտը կազմում է ընդամենը 80 000 դրամ, սակայն Երեւան հասնելու եւ դիալեզ ընդունելու համար ամսական պետք է առնվազն 70 000 դրամ: Քրիստինեի մայրը՝ Գրետա Քոչարյանը, պատմեց, որ իրենց միակ հույսն իրենց աղջիկն է ու բարի մարդկանց գթասրտությանն է դիմում նրա կյանքը փրկելու համար:

«Ոչ բարեկամ ունեմ, ոչ տվող, խնդրում եմ օգնեք փրկել աղջկաս կյանքը: Տղայիս կորցրել եմ, էս մեկին էլ չեմ դիմանա, ինչ ունեինք ծախել ենք միայն իր առողջության համար: Նրա բուժումը հնարավոր է միայն Գերմանիայում: Ուղիներ կան՝ գնալու, դիմել ենք Կարմի Խաչին ու կարող են էնտեղ իր բուժումը իրականացնել, մեզ պետք է միայն 4000 եվրո, որպեսզի ճանապարհի հետ կապված խնդիրները լուծենք՝ վիզա, ճանապարհածախս, թղթաբանություն: Ուրիշ բան չեմ ուզում, մենակ աղջիկս փրկվի: Օգնության համար դիմել ենք շատ տեղ «ՙՆվիրիր կյանք», Մայր Աթոռ, բայց մեր բոլոր նամակները մնացել են անպատասխան: Շատ ճնշված ենք, պատկերացրեք, ամիսը 80 000 դրամ է մտնում տուն, բայց մենակ 70000 դրամ ենք ծախսում, որ գնանք դիալեզի: Միայն դիալեզն է անվճար, մնացած ամեն ինչ՝ դեղորայք, սնունդ, մենք մեր ուժերով պիտի անենք, պարտքերի մեջ կորած ենք ու չենք գտնում ելքը»,-ասում է տիկին Գրետան:

Քրիստինեի առողջությամբ մտահոգված ու NEWS.am-ին դիմած հարեւանուհին՝ Շողիկ Դավթյանն էլ պատմում է, որ Քրիստինեն շատ խելացի ու համեստ աղջիկ է, շատ դժվար են կարողացել համոզել բարձրաձայնելու խնդրի մասին: Ասում են. «Հպարտ է», բայց օգնություն նրան օդ ու ջրի պես է հարկավոր:

«Չեն հասցնում, ոչ օգնող ունեն, ոչ էլ…Քրիստինեի նմանը չկա, շենքում բոլորը ցավում են նրա այս վիճակի համար, ոչ ոք չի կարողանում Քրիստինեին այս վիճակում տեսնել»,-պատմում է Շողիկ Դավթյանը:

Ի դեպ, Քրիստինեի բազմաթիվ խնդիրներին գումարվել է նաեւ տեսողության խնդիրը, որը դիալիզի հետեւանք է: Քրիստինեն շատ ընկճված է իր այս վիճակից, բայց, այնուամենայնիվ, երազում է առողջանալուց հետո աշխատել ու ծնողներին տուն գնել, իսկ ծնողները երազում են իրենց միակ դստերը առողջ տեսնել: Քրիստինեին եւ նրա ընտանիքին օգնելու համար ՎՏԲ Հայաստան բանկի Հրազդանի մասնաճյուղում բացվել են հաշվեհամարներ.

16025081350005 AMD16025081350006 USD16025081350007 RUR16025081350008 EUR

Հաշվետեր՝ Գրետա Քոչարյան՝ 093252121

Տպել
Ամենաշատ