News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ոչ վաղ անցյալում հայտնի դարձավ Մշակույթի նախարարության՝ 5 քարանձավներ երկար ժամկետով վարձակալության տալու մտադրության մասին: Գաղափարն այն է, որ այս քարանձավները սկսեն ցուցադրել, որը միաժամանակ կօգնի պահպանել բնական մշակութային հուշարձանները եւ կնպաստի տուրիզմի զարգացմանը: Այս նախաձեռնության վերաբերյալ հասարակության եւ փորձագետների կարծիքը տարբերվում էր աջակցությունից մինչեւ կտրուկ անբարեհաճություն, ըստ որում՝ հաճախ որպես համոզչականության հիմնավորում ոչ թե փաստերն էին հանդես գալիս, այլ զգալի չափով զգացմունքները: (ֆոտոռեպորտաժ)

Հարկ է նաեւ նշել, որ վարձակալման պայմանների նախնական ձեւն արժանացավ նույնիսկ նախաձեռնության կողմնակիցների հանդիմանությանը, արդյունքում պայմանները փոխվեցին, իսկ մրցույթի ժամկետը երկարացվեց: Հուշարձանների վիճակի մասին սեփական կարծիք կազմելու համար NEWS.am-ի թղթակիցներն այցելեցին քարանձավներից մեկը, որը նախատեսվում է վարձով տալ ու բարեկարգել, եւ զրուցեցին քարանձավագետ, Երեւանի պետական համալսարանի դասախոս Սմբատ Դավթյանի հետ: 

Հեռավոր 1980 թվականին Եղեգնաձորից ոչ հեռու գտնվող Մոզրով գյուղ տանող ճանապարհի շինարարությունն էր կատարվում: Պայթեցման հերթական աշխատանքներից հետո ձագարափոս բացվեց, որը, պարզվեց, զարմանալի գեղեցկության քարանձավի մուտքն է, այն Մոզրովի քարանձավ կոչվեց: Քարանձավի երկարաությունը մոտ 260 մետր է: Քարանձավը երկհարկ է, ըստ որում՝ այցելուների համար մատչելի է միայն վերին հարկը: Ստորին հարկը չափազանց դժվարանցանելի է, կա շատ փոքրիկ սողանցք, որտեղ սովորաբար չեն մտնում:

Ձագարափոսից ցած է տանում ուղաձիգ զառիվայրը, մոտ 30 մետր հղկված գետաքարեր՝ հազվադեպ թփերով: Ցանկալի է դանդաղ իջնել՝ բռնվելով ժայռից: Քարանձավի խցերում «հատակը» կազմված է մեծ ու փոքր՝ առաստաղից կաթկթող ջրից թաց գլաքարերից, ստալագմիտներից, պատերը ծածկված են կրածնաքարի բյուրեղներից, որոնք ծովային մարջաններ են հիշեցնում եւ սքանչելի փայլում են լապտերի լույսով:

«Իմ ձեւակերպմամբ՝ քարանձավը կարելի է դասել եզակիների շարքին: Այն ջրաջերմային ծխագում ունի, այսինքն՝ հողի ընդերքից վեր են բարձրացել տաք հանքանյութային ջրերը, որոնք լվացել են կարստային ապարի խոռոչը: Հետո՝ հաջորդ փուլում հողի մակերեւույթից բնահողով եւ ապարով թափանցող ջուրը ձեւավորել է ստալակտիտները, ստալագմիտները, ստալագնատները»,- նշում է Սմբատ Դավթյանը:

Բնության ստեղծագործական երեւակայությունը որոշ ստալակտիտների եւ ստալագմիտների զարմանալի ձեւեր է տվել. պատից դուրս կարկառված քարանձավը ալիգատորի վիթխարի երախ է, բարձրությամբ խոյացողը՝ Պիզայի աշտարակի սյունաշար, երգեհոն (զարմանալիորեն հավասար ստալնագնատները երգոհոնի փողերի են նման), «Ադամ եւ Եվա», մամոնտի գանգ: Քարանձավում լինելով՝ թվում է, թե մեկ ակնթարթով հավերժությանն ես հպվել:

Սմբատ Դավթյանը նշում է, որ ստալակտիտները հազար տարում մոտ 1 սմ են աճում: Քարանձավներում հանդիպում են մի քանի մետրանոց ստալագմիտներ՝ կես մետր տրամագծով: Որոշ ստալագնատների վրա նկատելի են լայնակի «կարեր»: Տասնյակ հազարավոր տարիներ առաջ երկրաշարժ է տեղի ունեցել՝ տեղաշարժելով ստալագնատի ցողունը, իսկ հետո այն նորից աճել է:

Սակայն քարանձավի զարմանահրաշ գեղեցկությունը խաթարում են այսուայնտեղ ընկած ստալգմիտներից պոկած կոները, կոտրատած ստալակտիտները, պատերից մեկը զարդարում է «Արմենչիկ» անունը: Մոզրովի քարանձավը պաշտոնապես պետությունն է պահպանում: Սակայն իրականում չի հաջողվում կանգնեցնել ստալակտիտային բիզնեսի կողոպտիչներին: Եվ չնայած քարանձավի անկոչ հյուրերի ճանապարհի արգելապատնեշները պարբերաբար թարմացվում են, նույն պարբերականությամբ դրանք «վերացվում» են: Ցավոք, սրան նպաստում է նաեւ խնդրի լուծման նկատմամբ իրազեկ մարմինների վերաբերմունքը: Այսպես՝ պաշտոնական դիմումը կարող է տարբեր պաշտոնական ատյանների հետ բազմաթիվ օրեր ձգվող գրագրության վերածվել եւ կլորիկ գումար վճարելու պահանջի:

«Ցանկացած հուշարձան, որը չի օգտագործվում, կործանման է դատապարտված: Էական չէ՝ դա քարանձավ է, եկեղեցի, մատուռ: Հուշարձանը պետք է օգտագործվի, եւ սա 2 նպատակ է հետապնդում՝ հուշարձանի պահպանում եւ, որը նույնպես կարեւոր է, տուրիզմի գրավչության տարրերի մեծացում: Տեսեք, մեզ մոտ հիմնականում զարգացած է պատմամշակութային տուրիզմը՝ եկեղեցիներ, ամրոցներ, մշակույթի հուշարձաններ: Բնական հուշարձաններին քիչ է ուշադրություն դարձվում: Լավ է, որ մի քանի քարանձավների օգտագործման որոշում է կայացվել զբոսաշրջիկներին գրավելու նպատակով»,- նշում է Սմբատ Դավթյանը:

Հիշեցնենք, որ ծրագրի մեջ ընդգրկված է 5 քարանձավ՝ Մոզրովի, Մագիլի, Արջերի, Արենի-1-ի, Աղձքի: Նախատեսվում է դրանք էքսկուրսիոն քարանձավների վերափոխել: «Էքսկուրսիոն քարանձավները բարեկարգված քարանձավներ են, որտեղ հիմնականում 2 կարեւոր տարր կա՝ հետիոտնային արահետ եւ լուսավորություն: Այս տարրերը ցանկացած տարիքային խմբի եւ ֆիզիկական հնարավորությունների մարդկանց թույլ են տալիս քարանձավ այցելել եւ հիանալ նրա գեղեցկությամբ, զարմանալ, որ աշխարհում կան նման խորհրդավոր եւ հիասքանչ վայրեր»,- պարզաբաում է զրուցակիցս:

Աշխարհում 1400 քարանձավ կա, որոնք ցուցադրվում են: «Մենք հեծանիվ չենք հայտնագործում, ուղղակի հարկավոր է օգտվել համաշխարհային պրակտիկայից: Մենք փորձ ունենք, ծանոթ ենք արտասահմանյան գործընկերների աշխատանքին եւ կարող ենք նրանց ձեռքբերումները Հայաստանում ներդնել: Գովազդային աշխատանքի առկայությամբ անպայման զբոսաշջային հոսք կլինի: Վայոց ձորի մարզն ինքնին հետաքրքիր է, քարանձավներից բացի՝ այստեղ են գտնվում զարմանահրաշ հուշարձաններ՝ Արջերի քարանձավի շրջանում միջնադարյան բնակավայր կա, աղբյուրներ, անտառներ եւ էլի շատ բան, որ զբոսաշրջիկներին կգրավի: Սակայն եթե այս եւ համանման հուշարձանները եւս մի քանի տարի մնան ներկայիս վիճակում, մեզ կմնա միայն աղբահավաքությամբ զբաղվելը եւ դրանց մասին մոռանալը: Խոսքն արդեն ոչ թե պահպանելու, այլ փրկելու մասին է: Նրանք, ովքեր պայքարում են քարանձավները հանգիստ թողնելու համար, թեմային վատ են տիրապետում: Կարծում եմ՝ մենք այն պետությունը չենք, որը կարող է իրեն թույլ տալ այսպես վերաբերվել այս բնական գանձերին»,- ասում է Սմբատ Դավթյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ