News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի Եղիսաբեթ Երկրորդ Թագուհու պաշտոնական ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Թագուհի Եղիսաբեթ Երկրորդին:

Հանրապետության նախագահը շնորհավորել եւ բարեմաղթանքներ է հղել Թագուհուն, արքայական ընտանիքին եւ բրիտանացի բարեկամ ժողովրդին՝ ազգային տոնի առթիվ: «Հայաստանի Հանրապետությունը մեծապես կարեւորում է Միացյալ Թագավորության հետ բազմոլորտ համագործակցության զարգացումը: Այս տարի նշվող հայ–բրիտանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը լավ առիթ է վերարժեւորելու մեր համատեղ անցած ճանապարհը եւ վերահաստատելու երկուստեք հանձնառությունը՝ խորացնելու եւ ընդլայնելու մեր միջպետական հարաբերություններն ու ժողովուրդների միջեւ բարեկամությունը։

Վստահ եմ, որ Ձեր առաջնորդության տասնամյակների հարուստ փորձը բրիտանացի ժողովրդին հավելյալ վստահություն եւ ուժ է հաղորդում` Միացյալ Թագավորության հետագա բարօրությանը նպաստելու եւ արդի մարտահրավերներին դիմակայելու գործում»,-ասված է Թագուհի Եղիսաբեթ Երկրորդին ուղղված ՀՀ նախագահի ուղերձում:

Սերժ Սարգսյանը տոնի կապակցությամբ այսօր այցելել է նաեւ Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպանի կեցավայր` շնորհավորել դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին եւ դեսպանատան ամբողջ անձնակազմին:

Նշելով, որ վերջին շրջանում Միացյալ Թագավորության իշխանությունների եւ ժողովրդի առջեւ ծառացան մի շարք մարտահրավերներ, եւ Հայաստանը Միացյալ Թագավորության հետ միասին մեծ ցավ ապրեց տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ, Հանրապետության նախագահը մաղթել է, որ այս օրը նոր սկիզբ դառնա Միացյալ Թագավորության համար, եւ հետագա բոլոր գործընթացները միայն բարիք բերեն երկրին ու նրա քաղաքացիներին:

Նախագահ Սարգսյանը եւ դեսպան Ֆարնուորթը քննարկել են հայ-բրիտանական երկկողմ կապերի առավել ամրապնդման եւ փոխգործակցության զարգացման ուղղությամբ հետագա քայլերը: Միացյալ Թագավորության դեսպանն ընդգծել է, որ իր երկիրը պատրաստակամ է շարունակելու աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ