News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ինձ համար մեծ հաճույք է լինել այս բեմում, որտեղ միշտ նվագում են ամենամեծ, ամենալավ երաժիշտները: Այս մասին նախօրեին՝ հուլիսի 12-ի երեկոյան, համերգի ավարտին հոտնկայս ծափահարող հանդիսատեսին դիմելով նշել է աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովը, ով Երեւանում էր «Արմենիա» միջազգային մրցույթ-փառատոնի գալա համերգին մասնակցելու համար։

«Շնորհակալ եմ իմ հիանալի ընկերոջը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանին, այս բեմում եւս մեկ անգամ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ ելույթ ունենալու հնարավորության համար»,- ասել է նա:

«Ես շնորհավորում եմ արդեն հանրահայտ դարձած «Արմենիա» առաջին մրցույթ-փառատոնը եզրափակելու կապակցությամբ։ Սա ոչ միայն մրցույթ-փառատոն է, այլեւ հիանալի հարթակ երիտասարդների համար։ Այսօր ծանոթացանք մրցույթի հաղթողների հետ, եւ հուսով եմ` մոտ ապագայում մենք կլսենք այդ անունները, եւ այդ անունները կփայլեն։ Որպես բիս կնվագեմ Բախի «Սարաբանդան», եւ միասին կաղոթենք, որպեսզի այս արեւոտ տարածաշրջանում միշտ լինի խաղաղություն»,- ասաց Մաքսիմ Վենգերովը՝ եւս մի քանի րոպե իր անմոռանալի հնչյունները պարգեւելով դահլիճը լքել չցանկացող ունկնդրին։

Համերգի մեկնարկին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կատարեց Կլոդ Դեբյուսիի «Այծեմարդու հետկեսօրյա հանգիստը» սիմֆոնիկ պոեմը։ Հանդիսատեսի չդադարող ծափահարությունների ներքո բեմ բարձրացավ Մաքսիմ Վենգերովը։ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ երաժիշտները ներկայացրին Յոհաննես Բրամսի Ջութակի կոնցերտը եւ փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի «Միայնակ նավարկում» պիեսը ջութակի եւ նվագախմբի համար։ 

Փառատոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը նշեց, որ այս համերգն իրենց համար մեծագույն հաջողություն է. «Ավարտվում է «Արմենիա» մրցույթ-փառատոնը, Հայաստանում է մաեստրո Վենգերովը։ Շատ հուզված ենք բոլորս՝ նվագախումբը, ամբողջ թիմը, ես։ Այն երեւույթը, որ մենք ունեցանք` միջազգային չափանիշներին համապատասխան մրցույթ-փառատոն, կարեւոր ձեռքբերում է։ Շատ շնորհակալ եմ բոլորին, արտիստներին, որոնք ժամանեցին Հայաստան։ Ունեինք շատ յուրահատուկ ժյուրի, որն աշխատեց գտնել այն տաղանդին, ում անունը մենք դեռ կլսենք ապագայում»։ 

Հիշեցնենք, որ հուլիսի 4-12-ը տեղի ունեցած «Արմենիա» միջազգային առաջին մրցույթ-փառատոնն անցկացվում էր Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի եւ Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի նախաձեռնությամբ եւ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Այս մասշտաբային նախագիծը կյանքի է կոչվել ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ