News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը պնդում է, որ իր գրասենյակի վրա հարձակման դեպքով հարուցված քրեական գործով իրեն եւ Արմեն Սողոմոնյանին մեղադրանք առաջադրելով նախաքննական մարմինը փորձում է ստիպել իրենց հրաժարվել բողոքից:

«Նախաքննական մարմնի նպատակն է կատարվածը բերել անձնական դաշտ, այնպես անել, որ մենք հրաժարվենք բողոքից, սակայն դա այդպես չի լինելու: Սա ոչ թե Տիգրան Աթանեսյանի կամ Արմեն Սողոմոնյանի խնդիրն է, այլ փաստաբանության գործն է: Իմ եւ Արմեն Սողոմոնյանի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի: Բողոքը կարող ենք հետ վերցնել միայն այն դեպքում, եթե հրապարակավ հայտարարեն, որ մեղավոր են, խոստովանեն, որ Արա Զոհրաբյանն է հեղինակն այս ամենի եւ հրաժարական տան: Սրանից ներքեւ զիջում չի կարող լինել»,- այսօր՝ հուլիսի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Տիգրան Աթանեսյանը, որին նախօրեին մեղադրանք է առաջադրվել Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանին ծեծելու համար:

Տիգրան Աթանեսյանի խոսքով, նախաքննությունն օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի չի ընթանում եւ ակնհայտ է, որ որոշ անձինք, այդ թվում Պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, հովանավորում են իր գրասենյակի վրա հարձակված 4 անձանց: Փաստաբան Երվանդ Վարոսյանը նույնպես համակարծիք է իր գործընկերոջ հետ՝ միջադեպի մասնակից Փաստաբանների պալատի պաշտոնյաները վստահ են, որ մնալու են անպատիժ. «Եթե երաշխիք չունենային, ինքնուրույն այդ քայլին չէին դիմի: Հարձակվողները պաշտոններ են զբաղեցնում, եթե առանց Փաստաբանների պալատի նախագահի իմացության այդ քայլին դիմեին, մի վայրկյան իսկ չէին մնա այս պաշտոնում»:

Երվանդ Վարոսյանը նշեց, որ եթե Սիմոն Բաբայանն ու մյուս երեք անձինք եկել էին ըստ իրենց հայտարարության, պարզապես հասկանալու, թե ինչու է Տիգրան Աթանեսյանը հայհոյել, ինչու են պահանջել գրասենյակի կին աշխատողին դուրս գալ:

«Եթե եկել ես հարցնելու, թե ինչ խնդիր կա եւ չես եկել մարդ ծեծելու, քո անկոչ գալու նպատակը ո՞րն է, հեռախոս չկա՞, զանգես, պայմանավորվես կամ հենց հեռախոսով խոսես, գրասենյակում նստած աղջկան պահանջում ես դուրս գալ, որ ի՞նչ անես»,- նշեց Երվանդ Վարոսյանը:

Ավելի վաղ փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտարարել էր, որ ապրիլի 27-ին ինքն ու Արմեն Սողոմոնյանը հարձակման էին ենթարկվել Փաստաբանների դպրոցի տնօրեն, խորհրդի անդամ Սիմոն Բաբայանի, ՓՊ նախագահի խորհրդականներ Վրեժ Խաչիկյանի, Գեւորգ Մկրտչյանի եւ փաստաբան Արսեն Հարությունյանի կողմից։ Աթանեսյանն ու նրա ընկերները հարձակման պատասխանատու համարում են ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանին։

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել փաստաբաններ Տիգրան Աթանեսյանին եւ Արմեն Սողոմոնյանին, Փաստաբանների պալատի նախագահի խորհրդականներ Գեւորգ Մկրտչյանին ու Վրեժ Խաչիկյանին, Փաստաբանների դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանին, Արսեն Հարությունյանին:

Տպել
Ամենաշատ