News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ տարածաշրջանի եւ Հայաստանի միջեւ ստեղծված համագործակցության շրջանակում CRAterre-ի /Հողի ճարտարապետության միջազգային կենտրոն/ կողմից իրականացվող «Հողի ժառանգությունը եւ  զարգացումը Հայաստանում» ծրագրով  ս.թ. հուլիսի 19-ից 30-ը Էրեբունի հնավայրում անց են կացվում հում աղյուսի փորձնական արտադրության աշխատանքներ:  

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանից NEWS.am-ին հայտնում են, որ աշխատանքներին մասնակցում են հնագետներ, ճարտարապետներ, մշակութային ժառանգության պահպանությամբ  հետաքրրքվող այլ մասնագետներ: Գործնական  աշխատանքներն իրականացվում  են Ֆրանսիայից ժամանած փորձագետ Մաջիդ Հաջմիրբաբայի ղեկավարությամբ: Նշված աշխատանքների վերաբերյալ 2016թ. հունիսին Էրեբունի հնավայրում կազմակերպվել են գործնական դասընթացներ:

Հայաստանի հողաշեն ժառանգությունը,  ի տարբերություն քարի ժառանգության, ավելի քիչ  է հայտնի  թե՛ երկրի սահմաններում,  թե՛ սահմաններից դուրս եւ դրա  պահպանության հետ կապված մի շարք հրատապ խնդիրներ կան: Այնուամենայնիվ, հողաշեն ժառանգությունը մեր տարածաշրջանի համար զբոսաշրջության զարգացման  կարեւոր  ռեսուրս է հանդիսանում:

1993թ.-ից ի վեր համագործակցելով ֆրանսիացի ճարտարապետների, հնագետների, հետազոտողների հետ՝ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն ԻԿՕՄՕՍ/Հայաստան կազմակերպության նախագահ Գ.Գյուրջյանը դիմել է հողաշեն կառույցներով զբաղվող ֆրանսիացի փորձագետների CRAterre-ից /Հողի ճարտարապետության միջազգային կենտրոն/ եւ ENSAL-ից /Լիոնի ազգային ճարտարապետության բարձրագույն դպրոց/, որպեսզի փորձեն Հայաստանի հողաշեն հնավայրերի եւ տեղական կավաշեն ժառանգության պահպանման եւ արժեւորման համար համատեղ լուծումներ գտնել:

Օվերն-Ռոն-Ալպի եւ Հայաստանի միջեւ համագործակցությունը ստեղծվել է դեռեւս 2013թ., որի զարգացմանը նպաստել է 2014թ. ապրիլին  տարբեր  փորձագետներից բաղկացած ասոցիացիայի ձեւավորումը: Օվերն-Ռոն-Ալպի եւ «Հողի ժառանգությունը եւ  զարգացումը Հայաստանում» ծրագիրն իրականացնող կազմակերպության՝ CRAterre-ի միջեւ 2014-2015թթ.  ֆինանսական աջակցության   պայմանագրեր  են ստորագրվել: Այդ աջակցության շրջանակում 2014թ. մայիսի 26-28-ը 3 հայ փորձագետներ մասնակցել են Գրենոբլում կազմակերպված «Հողի ճարտարապետության կոնսերվացիան հնավայրերում. Նոր փորձը եւ հեռանկարները» խորագրով միջազգային սեմինարին: 2016թ.  հունիսին ֆրանսիացի փորձագետներ Ս. Մոննոյի եւ Մ. Հաջմիրբաբայի կողմից էրեբունի հնավայրի տարածքում գործնական  դասընթացներ են կազմակերպվել ծրագրի առաջին փուլի համար շինանյութեր պատրաստելու վերաբերյալ, որին մասնակցել են «Էրեբունի» թանգարանի  վերականգնողները եւ ՀՃՇԱՀ-ի ուսանողները:  2016թ. հուլիսի 11-14-ը Լիոնում տեղի ունեցած «TERRA 2016» համաշխարհային 12-րդ կոնգրեսին մասնակցել է  «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գ.Գյուրջյանը: Վերջինս հանդիպումներ է ունեցել ճարտարապետության եւ հողի ժառանգության  մի շարք մասնագետների հետ, ներկայացրել Էրեբունի հնավայրի պահպանման եւ վերականգնման ծրագրի կարեւորությունը: Ծրագրի շրջանակում 2017թ.  նախատեսվում է Էրեբունի հնավայրում իրականացնել հում աղյուսի մեծաքանակ արտադրություն եւ եզրակացություններ տալ ծրագրի եւ վերականգնվող շինությունների տեխնիկական մանրամասների վերաբերյալ:

Տպել
Ամենաշատ