News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Եթե ուզում եք ծանոթանալ հասարակական կարծիքի հետ, «ժողովուրդն ինչ է մտածում», նստեք պատահական տաքսի: Շեշտում եմ՝ պատահական: Որովհետեւ եթե դուք ուզում եք պարզապես Ա կետից հասնել Բ կետ, ապա ավելի հեշտ է ու հարմարավետ պատվիրել ինտերնետային տաքսի, որտեղ վարորդները, բացի «բարեւ»-ից եւ «ցտեսություն»-ից, որեւէ այլ բան չեն խոսում, սափրված են, հիմնականում՝ երիտասարդ են, չեն ծխում, մեքենան մաքուր են պահում եւ ռաբիս երաժշտություն չեն միացնում:

Ահա թե ինչու եմ ես կարծում, որ «պատահական» տաքսիներն ի վերջո իրենց տեղը կզիջեն «կազմակերպված» տաքսիստներին՝ մրցակցություն է, եւ հաղթում է նա, ով մատուցում է ավելի որակյալ ծառայություն: Բայց եթե դուք, այսպես ասած, «արկածներ եք փնտրում» (իսկ դա, ինչպես հայտնի է, լրագրողի մասնագիտության անբաժանելի մասն է), ապա, իհարկե, պետք է զրուցեք «դասական» վարորդների հետ:

Պատմեմ վերջին «արկածս»: Նստում եմ այդպիսի «անհատական» տաքսի եւ ասում եմ՝ «գնանք Հյուսիսային պողոտա»: Վարորդը՝ «ի՞նչ էլ տեղ ես գտել գնալու»: «Ի՞նչ կա որ»,- հետաքրքրվում եմ: «Զզվում եմ էդ տեղից»,- բացատրում է վարորդը: Ասում եմ՝ «Այնպես չի, որ ուշքս գնում է»: «Ես պապական երեւանցի եմ,- շարունակում է,- էլ Երեւան չի մնացել»:

Անցնում ենք եւս մի քանի տասնյակ մետր: «Ախպեր ջան, հազար ներողություն, արի ես քեզ ստեղ իջեցնեմ, չեմ քշի: Որ ասում են՝ «Հյուսիսային պողոտա», ղարաբաղցիներին եմ հիշում: Կներես, էլի»: Իհարկե, ներեցի եւ իջա: Չեմ պատրաստվում քննադատել այդ վարորդին, ոչ էլ, առավել եւս՝ ծաղրել նրան: Ուզում եմ ձեզ հետ միասին հասկանալ զանգվածային հոգեբանության առանձնահատկությունները:

Պարզ է, որ այն իռացիոնալ է՝ տրամաբանական, պատճառահետեւանքային շղթան փոխարինվում է էմոցիոնալ, «պատահական» հերթականությամբ՝ Հյուսիսային պողոտա-հարուստներ-ղարաբաղցիներ: Պարզ է, որ «տեղայնական ռասիզմի» համար որեւէ հիմք չկա՝ հայկական հողի այս հատվածում ծնված մարդիկ կամ նրանց ժառանգները (այդ թվում՝ ես) չունեն ինչ-որ ընդհանուր բնութագրիչներ՝ ո՛չ դրական, ո՛չ բացասական:

Հարուստների հանդեպ ընդհանրական ատելությունը նույնպես որեւէ տրամաբանական բացատրություն չունի՝ հարուստների, ինչպես եւ աղքատների մեջ նույնպես կան հրաշալի մարդիկ եւ սրիկաներ: Անձամբ ինձ դուր չի գալիս Հյուսիսային պողոտայի ճարտարապետությունը եւ առավել եւս այն, որ պողոտայի շենքերը վեր խոյացան այնտեղ ապրող բնակիչների իրավունքների կոպիտ խախտմամբ:

Սակայն ուզենք թե չուզենք այսօր Հյուսիսային պողոտան ինչպես երեւանցիների, այնպես էլ հյուրերի զբոսանքի սիրած վայրերից է: Զանգվածային հոգեբանությունը ոչ միայն իռացիոնալ է, այլեւ զուրկ է լայնախոհության որեւէ դրսեւորումից: Մոտավորապես այսպես. «եթե Երեւանի այս մասն ինձ դուր չի գալիս, ես այնտեղ չեմ քշելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ