News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հանրապետության նախագահի մոտ այսօր՝ օգոստոսի 17-ին, կայացած աշխատանքային հանդիպման ժամանակ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը զեկուցել է պետական աջակցության ծրագրում ընդգրկված մարզաձեւերում ՀՀ հավաքական թիմերի մարզիկների նվաճումները Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում, այդ ձեռքբերումներն ամրապնդելու նպատակով ձեռնարկվելիք հետագա միջոցառումները, ինչպես նաեւ մասսայական սպորտի, մանկապատանեկան սպորտի եւ երիտասարդական պետական քաղաքականության ոլորտներում իրականացված աշխատանքների, հիշյալ ոլորտներում առկա խնդիրների եւ դրանց լուծման նպատակով ակնկալվող համակարգային փոփոխությունների ու նոր ծրագրերի ներդրման մասին:

Հրաչյա Ռոստոմյանը ներկայացրել է, որ նախարարության կողմից, ի թիվս ընթացիկ ծրագրերի, մշակվել եւ իրականացվում են եւս 7 նոր մարզական մասսայական ծրագրեր, որոնցում ընդգրկված են տարբեր սոցիալական խավերի ներկայացուցիչներ եւ բոլոր տարիքային խմբերը՝ սկսած նախադպրոցական տարիքից մինչեւ տարեցներ, հաշմանդամություն ունեցող անձինք, խնամքի ու պաշտպանության կարիք ունեցող երեխաներ:

Նախարարին հանձնարարվել է աշխատանքներ իրականացնել ավելացնելու մասնակիցների ներգրավվածությունը Հանրապետության Նախագահի հովանու ներքո անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» ամենամյա մրցույթին եւ մարզական մասսայական այլ միջոցառումներին: Նախարար Ռոստոմյանը հավաստիացրել է, որ նոր ծրագրերի իրականացման շնորհիվ մինչեւ տարեվերջ հանրապետության մարզերից եւ մայրաքաղաքից մարզական մասսայական միջոցառումների մասնակիցների թիվը կգերազանցի 85 հազարը, եւ այդ ուղղությամբ, հանձնարարականի համաձայն, աշխատանքները կլինեն շարունակական: Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարը զեկուցել է, որ նախարարության կողմից մշակվել են «Հաշմանդամային սպորտի զարգացման», «Բակային սպորտի զարգացման» հայեցակարգերը եւ «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասսայական տարածման ազգային ծրագրի» նախագիծը:

Նախագահը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել նաեւ հանրապետությունում սպորտային տուրիզմի զարգացման հարցը՝ արագացնել «Սպորտային տուրիզմի զարգացման հայեցակարգ»-ի մշակման աշխատանքները եւ քննարկել այդ նպատակով լեռնադահուկային, ջրային եւ համապատասխան այլ մարզաձեւերի զարգացման խթանման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման, ինչպես նաեւ արդեն իսկ առկա պայմանների կատարելագործման հնարավորությունները:

Հանրապետության Նախագահի հանձնարարականներից մեկն էլ վերաբերել է հաշմանդամություն ունեցող պրոֆեսիոնալ մարզիկների ներկայացվածությունը միջազգային մրցաշարերում մեծացնելու ուղղությամբ աշխատանքին:

Տպել
Ամենաշատ