News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը շարունակում է վաճառել իր ունեցվածքը: Մեր աղբյուրի համաձայն, օրերս, նախկին վարչապետը վաճառել է նաեւ իր ընտանիքին պատկանող գազալցակայանները:

Դրանք, տարբեր տարիներին հրապարակված տվյալներով, միայն Արտաշատ քաղաքում եւ հարակից տարածքներում, 8-ն են: «Արգ-Լեւ-Գազ», «Արաշագ» եւ «Հովան Լիան Գրուպ» ընկերությունների ԱԳԼՃԿ-ները, մեր տեղեկություններով, գրանցված են եղել նախկին վարչապետի եղբորորդու` Արսեն Աբրահամյանի անունով: Վերջինս, Ոստիկանության Արմավիրի վարչության պետն էր: Նա աշխատանքից ազատվելու դիմում ներկայացրեց Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկությունից որոշ ժամանակ անց:

Մեր աղբյուրի փոխանցմամբ, Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող գազալցակայանների գնորդը նախկին պատգամավոր Կարո Կարապետյանն է: Հանրությանը նա հայտնի է Յուվեցի Կարո անվամբ:

Aravot.am-ը փորձեց Կարո Կարապետյանից ճշտել այս տեղեկությունը. մեր հեռախոսազանգից նա վրդովվեց ու անցավ «հակահարձակման»`ասելով, որ լրագրողն իրավունք չունի զանգահարել եւ իրեն հարցեր տալ. «Հիմի որ ես քեզ հարցեր տամ, դու ինձի կպատասխանե՞ս»:

շՀստակեցրեցի, որ ցանկանում եմ ճշտել տեղեկություններն`իր բիզնեսի ընդլայնման մասին եւ շարունակեցի հետաքրքրվել`համապատասխանո՞ւմ են իրականությանը տեղեկությունները, որ վերջինս գնել է Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող գազալցակայանները: «Էտի բիզնեսի ընդլայնում չի: Ես Հովիկ Աբրահամյանի հետ ընդհանարապես… հարգում եմ, բայց կապ չունեմ»,- ասաց Կարո Կարապետյանը`շարունակելով պնդել, որ իրավունք չունեմ իրեն զանգահարել եւ նման հարցեր տալ եւ անցավ վիրավորանքների անպարկեշտ, արտահայտությունների (ձայնագրությունը մեր տրամադրության տակ է):

Կարո Կարապետյանը խորհրդարան էր մտել 2007 թվականից, ԲՀԿ-ի ցուցակով: Դրանից առաջ 31 տարի աշխատել ոստիկանությունում, 1997-2003 հատվածում եղել զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի օգնականը, 2012 թվականին ևս նա պատգամավոր դարձավ ԲՀԿ-ի համամասնական ցուցակով եւ Գագիկ Ծառուկյանի`քաղաքականությունից հեռանալուց հետո առաջիններից մեկը լքեց ԲՀԿ խմբակցության շարքերը: Նա այն պատգամավորներից էր, ով խորհրդարանական գործունեության հետ բնավ կապ չունի: Մինչ իր պատգամավոր դառնալը, պատգամավոր է եղել նրա հայրը: Կարո Կարապետյանին է պատկանում Արարատի մարզի Շահումյանի գյուղի գինու գործարանը:

Կարո Կարապետյանն ու իր ընտանիքի անդամները տարբեր շրջաններում հայտնվել են տարբեր աղմկահարույց պատմությունների կիզակետում: Դեռ 2009թ.-ին Երասխ-Երևան ավտոճանապարհին նա իր ավտոմեքենայում վեճի էր բռնվել Դվին գյուղի բնակիչ Արթուր Զադոյանի հետ, որի ընթացքում Զադոյանը երկաթյա ձողով հարվածել էր Կարապետյանի գլխին, որն էլ իրեն ամրակցված ատրճանակով 5 անգամ կրակել էր Արթուր Զադոյանի ուղղությամբ: Փամփուշտներից երկուսը դիպել էին Զադոյանի աջ ուսին և աջ ոտքին: Կարո Կարապետյանը հայտարարել էր, թե Արթուր Զադոյանն է իրեն դարանակալել և ցանկացել հաշվեհարդար տեսնել` իրեն ունեցած 57 հազար դոլար պարտքը չտալու նպատակով: Գործի քննությունն ուշագրավ էր այն առումով, որ Կարո Կարապետյանն այդպես էլ այս գործով ո՛չ մեղադրյալ, ո՛չ տուժող չճանաչվեց: Իսկ ավելի ուշ կասեցրին գործի վարույթը:

Աղմկալի պատմության մեջ հայտնվել էր նաև պատգամավորի որդին՝ Վարդան Կարապետյանը: «Բենթլի Կոնտինենտալ 6.0» մակնիշի՝ 88 RR 888 համարանիշի ավտոմեքենան, որը վարել է Վարդան Կարապետյանը եւ նրա մեքենային ուղեկցող «Տոյոտա Պռադո» մակնիշի 33 LD 840 համարանիշի ավտոմեքենան` խախտելով Ճանապարհային երթևեկության կանոնները՝ ուղեկցում էին միմյանց: Իսկ 2014-ի մայիսին, Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների պատմության մեջ ներգրավված էր արդեն Կարո Կարապետյանի փեսան՝ Գոռ Առաքելյանը:

Ըստ վարկածի՝ Առաքելյանը ճանապարհ է խնդրել Վալերի Հովհաննիսյանից և Նորայր Հարությունյանից, սակայն վերջիններս ճանապարհ չեն տվել: Դրանից հետո Գոռ Առաքելյանը դուրս է եկել մեքենայից, սկսել վիճաբանել նրանց հետ: Դրանից հետո Կարո Կարապետյանի փեսան հրազենից կրակոցներ է արձակել, որոնց պատճառով էլ տուժել է ոչ միայն վիճաբանող կողմը, այլեւ պատահական անցորդներ: Գոռ Առաքելյանը ձերբակալված էր, նա ազատ արձակվեց 2017-ի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններից հետո, երբ Կարո Կարապետյանն ակտիվ աշխատում էր ՀՀԿ-ի համար եւ իրեն հատուկ ոճով վիրավորեց լրագրողներին: 
Այս ամենը պատգամավորի և իր հարազատների հետ կապված պատմությունների մի փոքր մասն է միայն: Aravot.am-ի մեկ այլ տեղեկության համաձայն, Հովիկ Աբրահամյանը վաճառել է նաեւ Արարատի մարզի Նարեկ գյուղում գտնվող իր ելակի այգիները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ