News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Շարունակելով Գերմանայի մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի թեման՝ կարելի է առանձնացնել լաստանավերը։ Եւ ոչ թե որովհետեւ դրանք մեծ քանակությամբ ուղեւորներ են փոխադրում, hակառակը՝ դրանց մասնաբաժինը Բեռլինի հասարակական տրանսպորտի ուղեւորների փոխադրման ընդհանուր ծավալում մեծ չէ։

Բեռլինում գործող հասարակական տրանսպորտը միավորված է «Բեռլին- Բրանդեբուրգ տարսնպորտային ասոցացիայի» մեջ։ Ասոցացիայում առաջատար է համարվում «Բեռլինյան տրանսպորտային կազմակերպությունը» (BVG), որը տարեկան գրեթե մեկ միլիարդ ուղեւոր է փոխադրում։

Լաստանավերը մտնում են BVG-ի համակարգի մեջ, այնպես որ ուղետոմսը վավերական է նաեւ լաստանավերի համար։ Վերջինները բազմաթիվ բեռլինցիների համար տրանսպորտի ամենօրյա տեսակ են՝ մետրոյի, էլեկտրական գնացքի ու ավտոբուսների նման։ Բայց, լաստանավով փոխադրումները գրավում են նաեւ Բեռլինի բազմաթիվ հյուրերին։

Բեռլինում կա լաստանավերի ընդամենը 6 երթուղիներ, որոնցից 3-ը գործում են կլոր տարին։ Զբոսաշրջիկների շրջանում հատկապես պահանջված է F10 երթուղին, որը միացնում է Բեռլինի Վանզեե ու Հին Կլադով (Alt Kladow) թաղամասերը ։ Լաստանավում տեղավորվում են 300 ուղեւորներ, որոնց համար նախատեսված են նույնքան նստատեղեր։

Ուղեւորությունը տեւում է մոտ 20 րոպե, որոնք զբոսաշրջիկի համար աննկատ են անցնում, քանի որ լաստանավից շատ գունեղ տեսարան է բացվում։ Լճի վրա բազմաթիվ առագաստանավեր ու մոտորանավեր կան, որոնք սրընթաց սլանում են լաստանավի մոտով։ Ուղեւորների առջեւ բացվում է գունեղ տեսարան՝ դեպիՎանզեե լճի ափ, որտեղ գրեթե համատարած անտառներ են, որոնց մեջ երբեմն երեւում են գեղեցիկ առանձնատներ։

Ի դեպ, բարձրահարկ հյուրանոցներ ու այլ նմանատիպ հաստատություններ, որոնք առատությամբ կան մեր կուրորտներում, լաստանավի երթուղու վրա չեն երեւում։ Ըստ երեւույթին, ինչ –որ սահմանափակումներ կան։ Իսկ մեզ մոտ հակառակ տեսարանն է։ Քաոսային շինարարության պատկերավոր օրինակն է Ծաղկաձորը, որը վերջին տասնամյակում վերածվել է քաղաքի։

Հայտնի է, որ ուղեւորների համար հարմարավետ հասարակական տրանսպորտը օտարերկրյա զբոսաշրջիկների համար լրացուցիչ խթան է երկրորդ այցելության համար։ Նաեւ հասկանալի է, որ մեր մայրաքաղաքում գերհագեցած «Գազելները» օտարերկրացիների վրա «անմոռանալի» տպավորություններ են թողնում։ Որոնց մասին նա, անկասկած, հայրենիք վերադառնալուց հետո կպատմի իր ծանոթներին։Չէ՞ որ այն, ինչ տեղացի ուղեւորի համար սովորական երեւույթ է, մեր մայրաքաղաքի հյուրերի համար բավականին արտասովոր ու վայրի տպավորություն է թողնում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ