News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այսօր առավոտյան Լոռու մարզի Արդվի համայնք են մեկնել ՀՀ ԲՆ բնապահպանության տեսչության Լոռու մարզային կենտրոնի տեսուչները՝ ոստիկանության Թումանյանի բաժնի աշխատակիցների հետ՝ կապված այն փաստի հետ, որ նախօրեին ողջ օրվա ընթացքում Լոռու մարզի Արդվի համայնքում գյուղի ակտիվ երիտասարդներն ու մայրաքաղաքից ժամանակ բնապահպանները համատեղ ուժերով լցրել են գյուղի հարակից տարածքում նախատեսված հանքը գործարկել ցանկացողների կողմից բացված փոսերը:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ տեսուչ Արմեն Ղարագյոզյանի տեղեկացմամբ՝ գյուղ մեկնելու պատճառ է դարձել երեկ լրատվամիջոցներով շրջանառված տեղեկությունը, որ Արդվի գյուղի հարակից տարածքում հանքի հետազոտության նպատակով փոս է փորվել, որը երեկ գյուղացիներն ու բնապահպանները նորից լցրել են:

Ներկայում տեսչության աշխատակիցներն այս հարցը քննարկում են համայնքապետի ու գյուղացիների հետ: Նրանք եղել են նաեւ հանքի հետազոտության տարածքում՝ հասկանալու համար, արդյոք այդտեղ տեխնիկա՞ է աշխատել, թե՞ միայն մարդկային ուժ է օգտագործվել:

Գյուղացիների պատմածի վրա հենվելով՝ տեսուչները նաեւ արձանագրություն են կազմել, թե երբ են փորել փոսը: Կազմած արձանագրությունը նրանք ուղարկելու են ՀՀ բնապահպանության նախարարություն, որից հետո միայն պարզ կլինի հետագա անելիքները:

Գյուղապետարանի բակում հավաքված գյուղացիները միահամուռ նշում են, որ դեմ են հանքի շահագործմանն ու փոսալցման աշխատանքները սեփական նախաձեռնությամբ են արել, համայնքապետը տեղյակ չի եղել: Տեսուչները գյուղում դեռեւս ուսումնասիրություններ են կատարում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երեկ՝ սեպտեմբերի 12-ին, ողջ օրվա ընթացքում Լոռու մարզի Արդվի համայնքում գյուղի ակտիվ երիտասարդներն ու մայրաքաղաքից ժամանակ բնապահպանները համատեղ ուժերով լծվել են գյուղի հարակից տարածքում նախատեսված հանքը գործարկել ցանկացողների կողմից բացված փոսերի փոսալցման աշխատանքներին:

Գյուղի ակտիվիստներից Սուրեն Կիրակոսյանը նշել է, որ բացված փոսագծերը լցնելու գաղափարը գյուղացիներինն է, որոնք մշտական կապի մեջ լինելով բնապահպանների հետ, վերջիններիս եւս տեղեկացրել էին իրենց մտադրության մասին:

«Իմանալով, որ որոշել ենք փակել հանքափորներից կողմից ապօրինի բացված փոսերը, բնապահպանները որոշեցին միանալ մեզ»,- ասել է Սուրենը:

Նշենք, որ Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղների հանքերեւակումը գտնվում է ՀՀ Լոռու մարզի կենտրոնական մասում Լեջան-Լալվար լեռնաշղթայի հարավային լանջին, Մղարթ գյուղից 3.2կմ դեպի հյուսիս-հյուսիս-արեւմուտք, Հովնանաձորից 2.9կմ դեպի արեւելք: Հանքերեւակման տեղամասը ընդգրկում է Մղարթի  54հա եւ Արդվիի 146հա տարածք : Մոտակա բնակավայրերն են` Մղարթ, Արդվի, Հովնանաձոր, Յաղդան Կողես, Օծուն գուղերը:

Հանքը գործարկել ցանկացող «Միռամ» ՍՊԸ-ն  հուլիսի 26-ին նախատեսել էր թեմայի հետ կապված  գյուղացիների հետ  հանրային քննարկում իրականացնել Արդվիի համայնքապետարանում:  Քննարկումը, սակայն այդպես էլ տեղի չունեցավ. վաղ առավոտից արդվեցիները, Հայաստանի տարբեր շրջաններից ու մայրաքաղաքից ժամանած բնապահպաններն ու աջակիցները փակեցին գյուղ տանղ ճանապարհը, այդպիսով չթողնելով ընկերության ներկայացուցիչներին հասնել հանդիպման վայր:

Օգոստոսի 2-ին Արդվի համայնքում գումարված ավագանու արտահերթ նիստին էլ  համայնքի ավագանին մերժվեց  Արդվիի վարչական տարածքից 147 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրը երկրաբանական ուսումնասիրությունների նպատակով «Միռամ» ընկերությանը ներկայացնելու համայնքի ղեկավարի առաջարկը:

Տպել
Ամենաշատ