News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 19-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ:

Հանդիպման սկզբում Նախագահը մեկ անգամ եւս շնորհավորել եւ հաջողություն է մաղթել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին այդ բարձր եւ պատասխանատու առաքելության մեջ: Սերժ Սարգսյանը եւ Անտոնիո Գուտերեշը ջերմությամբ են հիշել պարոն Գուտերեշի այցը Հայաստան՝ որպես ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար եւ այցի շրջանակներում կայացած արդյունավետ երկխոսությունը:

Նշելով, որ այս տարի Հայաստանի Հանրապետությունը տոնեց ՄԱԿ-ին անդամակցության 25-ամյակը, Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է փաստել, որ անդամակցությունից ի վեր մեր երկիրն ակտիվորեն ներգրավված է ՄԱԿ-ի եւ դրա կառույցների աշխատանքներում: Անցած 25 տարիների ընթացքում, ըստ Նախագահի, Հայաստանը մշտապես զգացել է ՄԱԿ-ի թիրախային աջակցությունը Հայաստանին, որը խթանել եւ ամրապնդել է Հայաստանի զարգացման ներուժը։ Այս կապակցությամբ Սերժ Սարգսյանը գոհունակություն է հայտնել արդյունավետ համագործակցության կապակցությամբ եւ հույս հայտնել, որ Անտոնիո Գուտերեշի ղեկավարությամբ այն առավել կամրապնդվի եւ կզարգանա:

Նախագահը վստահեցրել է, որ այսուհետ եւս Հայաստանը հետեւողականորեն շարունակելու է ջանքեր ներդնել ՄԱԿ-ի նպատակներն առաջ մղելու ուղղությամբ՝ «Կայուն զարգացման 2030 օրակարգի» շրջանակներում եւ կայուն զարգացման նպատակները հաստատակամորեն կյանքի կոչելու հանձնառությամբ:

Սերժ Սարգսյանը տեղեկացրել է, որ ներկայումս Հայաստանում ակտիվորեն ընթանում է Կայուն զարգացման նպատակների ազգայնացման եւ իրականացման գործընթացը: Կայուն զարգացման 2030 օրակարգի ազգայնացման նպատակով մշակվել է ճանապարհային քարտեզ, այնուհետեւ՝ Կայուն զարգացման նպատակների իրականացման Ազգային գործողությունների ծրագիր:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: Նախագահը գոհունակություն է հայտնել Գլխավոր քարտուղարին` ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ջանքերին լիակատար աջակցության կապակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ