Հայտնի խորհրդային կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի անվան «Գլխավորը հայրենիքին ծառայելն է» ռազմաերաժշտական փառատոնը սեպտեմբերի 19-ին հյուրընկալվել է Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում: Ելույթ են ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահական ռազմական նվագախումբը եւ Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության Կենտրոնական ռազմական նվագախումբը, որի կազմում 80 մարդ կա: Նվագախմբին նվագակցել են Ռուսաստանի տարբեր քաղաքներից մենակատարներ եւ «Ձայնը» հայտնի շոուի մասնակիցներ:
Իրենց ելույթից առաջ երաժիշտները եւ կատարողները ոչ մեծ էքսկուրսիա են կազմակերպել քաղաքի կենտրոնում, որի ընթացքում այցելել են հայ հռչակավոր բանաստեղծ Հովհաննես Շիրազի տուն-թանգարան, Ասլամազյան քույրերի թանգարան, ինչպես նաեւ «Պատվի բլուր», որտեղ տեղադրված է թուրքական տիրապետությունից հայ ժողովրդի եւ Արեւելյան Հայաստանի ազատագրման համար իրենց կյանքը զոհաբերած ռուս զինվորներին եւ սպաներին նվիրված հուշարձանը:
Երաժիշտներն անչափ տպավորված էին քաղաքով, հատկապես՝ նրա հին ճարտարապետությամբ:
Համերգային ծրագիրը ղեկավարել է ՌԴ ՊՆ Կենտրոնական ռազմական նվագախմբի պետ Սերգեյ Կուրիգինը, դիրիժորն էր ռազմանվագախմբային ծառայության պետ, ՌԴ Պաշտպանության նախարարության գլխավոր դիրիժոր, Ռուսաստանի վաստակավոր արտիստ Տիմոֆեյ Մայակինը:
Համերգին մասնակցել են ինչպես պաշտոնատարներ, այնպես էլ ռուսական 102-րդ ռազմական բազայի զինծառայողներ, ինչպես նաեւ Գյումրիի բնակիչներ:
Առնո Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամի գլխավոր պրոդյուսեր Արմեն Սարկիսյանցը հույս է հայտնել, որ ռուս ռազմական երաժիշտների մասնակցությամբ այս փառատոնն ավանդական կդառնա: Առնո Բաբաջանյանի որդին՝ Արայիկ Բաբաջանյանն, իր հերթին հայտարարել է, որ փառատոնը կարող է հայ-ռուսական հարաբերությունների հետագա խորացման եւ զարգացման լավ միջոց դառնալ:
Հիշեցնենք, որ փառատոնի շրջանակում երաժիշտներն այցելել են նաեւ Վանաձոր, իսկ սեպտեմբերի 20-ի երեկոյան Սպենդիարովի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում տեղի կունենա գալա համերգ: