News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանի անկախության օրվա, ինչպես նաեւ Հայաստանի եւ Սուրբ Աթոռի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ Հռոմի Սբ. Նիկողայոս Հայ Կաթողիկե եկեղեցում տեղի է ունեցել եկեղեցական ծիսակատարություն՝ Սուրբ Աթոռի արեւելյան եկեղեցիների միաբանության պրեֆեկտ, կարդինալ Լեոնարդո Սանդրիի նախագահությամբ:

ԱԳՆ մամուլի վարչությունից հայտնում են, թե արարողությունից առաջ ներկաներին ողջույնի խոսք է ուղղել Հռոմի Քահանայապետական Լեւոնյան հայ վարժարանի ռեկտոր գերապայծառ Նարեկ Նամոյանը:

Պատարագին հնչեցրած իր քարոզում Կարդինալ Սանդրին, խոսելով հայ-վատիկանյան հարաբերությունների մասին, նշել է, որ Սուրբ Աթոռի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների պատմությունը ճանապարհ է, որը բաղկացած է բազմաթիվ լուսավոր կետերից, որոնց թվում են Հայաստանի երեք նախագահների այցելությունները Սուրբ Աթոռ, Հովհաննես Պողոս 2-րդի եւ Ֆրանցիսկոս 1-ինի այցելությունները Հայաստան, Սուրբ Աթոռի եւ Հայ առաքելական եկեղեցու միջեւ ջերմ եւ կառուցողական շփումները:

Կարդինալ Սանդրին հավելել է, որ յուրաքանչյուր կատարված քայլ առավել խորը հարգանքի եւ բարեկամության կապեր հաստատելու հնարավորություն է ստեղծել, որոնք ավելի գեղեցիկ եւ հարուստ են դարձրել դիվանագիտական հարաբերությունները:

Պատարագից հետո ելույթ է ունեցել Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը, ով իր խոսքում նշել է, որ հայ-վատիկանյան հարաբերություններն ունեն դարավոր պատմություն եւ զարգացել են բովանդակալից երկխոսության ու փոխադարձ խորին հարգանքի հիման վրա: Դարերով ամրացած միջեկեղեցական, միջմշակութային եւ միջանձնյա փոխըմբռնման հարաբերությունները հանգեցրել են միջպետական շփման այն բարձր մակարդակին, որը արձանագրվել է այս քառորդդարյա ժամանակաշրջանում:

Դեսպանը երախտագիտություն է հայտնել կարդինալ Սանդրիին հայ-վատիկանյան միջպետական, ինչպես նաեւ միջեկեղեցական հարաբերությունների զարգացման գործում անձնական մեծ ավանդի համար՝ հավելելով, որ խորհրդանշական է հայ-վատիկանյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման տարեդարձի նշումը Քահանայապետական հայ վարժարանում, քանի որ այս հաստատությունը հարյուրամյակներ շարունակ ամուր կամուրջ է եղել հայ-վատիկանյան կապերում:

Պատարագին հետեւել է ընդունելություն, որին ներկա են եղել Սուրբ Աթոռի պետքարտուղարության եւ այլ գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, Վատիկանում հավատարմագրված դեսպաններ եւ դիվանագետներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ