News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Գերմանիայում նախօրեին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո, երբ պարզ դարձավ, որ Անգելա Մերկելի գլխավորած ՔԴՄ/ՔՍՄ կուսակցությունը չի կարող բացարձակ մեծամասնություն ձեւավորել, իսկ նրա կոալիցիոն գործընկեր՝ Մարտին Շուլցի ղեկավարած Սոցիալ–դեմոկրատական կուսակցությունը հայտարարեց, որ ընդդիմություն է դառնում, Մերկելը նոր գործընկեր ընտրելու բարդ ընտրության առջեւ է կանգնել։

Մերկելը նախորդ՝ 2013–ի խորհրդարանական ընտրությունների համեմատ՝ կորցրել է ձայների 8 տոկոսը։ Սոցիալ–դեմոկրատական կուսակցությունից բացի, որը նախորդ ընտրությունների համեմատ՝ կորցրել է 4 տոկոս, մնացած բոլոր ուժերը, ի համեմատ 2013–ի ընտրությունների, ավելի շատ ձայներ են հավաքել։

Գերմանական մամուլում շրջանառվում է այսպես կոչված Ճամայկա–կոալիցիայի տարբերակը, եթե միավորվեն ՔԴՄ/ՔՍՄ կուսակցությունը, ընդմիջումից հետո նորից խորհրդարանում հայտնված Ազատ դեմոկրատական կուսակցությունը եւ Կանաչները։ Սակայն երեք կուսակցությունների միջեւ այս հարցի շուրջ տարաձայնությունները շատ են, քանի որ նրանց քաղաքական դիրքորոշումները սկզբունքորեն տարբերվում են։ Հետեւաբար նոր խորհրդարան ձեւավորվելուն նախորդելու է ներկուսակցական լարված պայքար։

Ջեմ Օզդեմիրի ղեկավարած Կանաչների կուսակցությունը, որը ընդդիմադիր ուժ էր եւ հայտնի էր Անգելա Մերկելի դեմ սուր քննադատությամբ, ամեն դեպքում պատրաստ է կոալիցիոն գործընկեր դառնալու հարցով բանակցություններին։ Դրան կտրականապես դեմ են «իրական» կանաչները, որոնք պայքարում են շրջակա միջավայրի պաշտպանության համար, եւ որոնց համար իշխանության հետ համագործակցելն անընդունելի է։

«Մենք այնքան էլ հեշտ գործընկեր չենք լինի։ Բանակցությունները ծանր են լինելու։ Բայց մենք պատրաստ ենք բանակցել ցանկացած ուժի հետ, բացի՝ AfD-ից («Այլընտրանք Գերմանիայի համար»)»,– Handesblatt–ին ասել է կուսակցության ընտրական ցուցակի առաջատար Կատրին Գյորինգ Էքարդը։

Բանակցությունների պատրաստակամություն են հայտնել նաեւ Ազատ դեմոկրատները։ Սակայն կուսակցությունը չի ուզում հնարավոր բանակցությունների մասին գուշակություններ անել եւ չի կարծում, որ Մերկելի հետ կոալիցիա կազմելը ավտոմատ կերպով արդեն կայացած պետք է համարել։

Այսպես թե այնպես՝ առանց Սոցիալ–դեմոկրատական կուսակցության աջակցության, Անգելա Մերկելը բարդ ընտրության առաջ է կանգնել։

Նշենք, որ նախօրեին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում Անգելա Մերկելի ղեկավարած կուսակցությունը հավաքել է ձայների 33 տոկոսը եւ Բունդեսթագում կունենա 246 մանդատ (նախկինում՝ 311)։ Սա 1949 թվականից հետո ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի վատագույն ցուցանիշն է։ Մարտին Շուլցի «Գերմանիայի սոցիալ–դեմոկրատական կուսակցությունը» հավաքել է մոտ 20 տոկոս եւ կունենա 153 մանդատ։ Խորհրդարանում 3-րդ ուժը «Այլընտրանք Գերմանիայի համար» աջակողմյան կուսակցությունն է՝13.5 տոկոս։ Խորհրդարանում նրանք կունենան 94 մանդատ։

Նշենք, որ 1945 թվականից հետո առաջին անգամ ազգայնական կուսակցությունը ներկայացված կլինի Գերմանիայի Բունդեսթագում։ Կուսակցության ընտրական ցուցակի առաջատար Ալեքսանդր Գաուլանդն արդեն հայտարարել է, որ իրենք խոստանում են երկիրը վերադարձնել գերմանացիներին եւ որ Անգելա Մերկելի համար հիմա, իրոք, «ցուրտ» է լինելու։

Հատկանշական է, որ Արեւելյան Գերմանիայի հատվածում «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը ձայների հաշվարկով առաջատար է եղել՝ երկրի այդ հատվածներում հավաքելով առավելագույն 27 տոկոս։ Անցած ընտրություններում կրած անհաջողությունից հետո խորհրդարան վերադարձած Ազատ դեմոկրատական կուսակցությունը կունենա 80 մանդատ: «Ձախերի» խմբակցությունը համալրել է իր շարքերը նոր անդամներով եւ կունենա 69 մանդատ (նախկինում 64), «Կանաչների» խմբակցությունը՝ 67 մանդատ (նախկինում՝ 63):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ