News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի քաղաքական դաշտը վատառողջ է: Այս մասին նշված է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության XXI հերթական փակ Համագումարում ընդունված հայտարարությունում: Համագումարը տեղի է ունեցել սեպտեմբեր 22-24-ին, Երեւանում:

Համագումարին մասնակցել են աշխարհի 15 եւ Հայաստանից ընտրված շուրջ 100 կուսակցական պատվիրակներ: Համագումարի մեկնարկը տրվել է Եռաբլուրում, որտեղ մասնակիցները հարգանքի տուրք մատուցեցին Արցախյան ազատամարտում նահատակված ազատամարտիկներին:

Համագումարի մասնակիցները, քննարկելով Հայաստանում եւ Սփյուռքում հայ ժողովրդի ու Հայրենիքի առջեւ ծառացած մարտահրավերները եւ, որոշելով ՍԴՀԿ-ի առաջիկա 4 տարվա հավաքական ռազմավարությունն ու գործունեության ոլորտը, որոշեցին.

1. Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունն առաջիկայում նույնպես պետք է շարունակի իր կազմակերպչական, քաղաքական ու տնտեսական առաջնահերթությունները ուղղել դեպի Մայր Հայրենիք:

2. ՍԴՀԿ XXI համագումարը գտավ, որ Հայաստանի բնակչության ստվար մասը երկրում տիրող սոցիալական անարդարության պատճառով ապրում է տնտեսապես անբավարար վիճակում, ինչը համարվում է արտագաղթի գլխավոր պատճառներից մեկը, որի կասեցումը ազգային առաջնահերթություն է: Քաղաքական դաշտը վատառողջ է, չեն գործում արդար մրցակցության պայմանները: Այս հանգամանքի եւ սոցիալական արդարության բացակայության հետեւանքով, չնայած որոշակի առաջընթացի, Հայաստանի Հանրապետությունում դեռ օրենքի լիակատար գերակայությունն ապահովված չէ:

3. Համագումարը գտավ, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է վարի տարածաշրջանային աշխարհաքաղաքական իրավիճակներից թելադրված արտաքին քաղաքականություն: Համագումարը դրական է համարում Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի Հանրապետության անդամակցությունը, ինչպես նաեւ հույս է հայտնում, որ մեր երկրի արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկը պետք է շարունակի մնալ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի վավերացումը:

4. Ս.Դ. Հնչակյան Կուսակցությունը Հայաստանում գործում է որպես անկախ քաղաքական միավոր, այն իրավունք ունի համագործակցելու բոլոր այն քաղաքական կազմակերպությունների հետ, ովքեր ընդունում են Հնչակյան կուսակցության սկզբունքներն ու գաղափարախոսությունը, հատկապես, ժողովրդավարության եւ սոցիալական արդարության սկզբունքները:

5. ՍԴՀԿ XXI համագումարը գտավ, որ Արցախի հիմնախնդիրը հայ ժողովրդի եւ հատկապես Հնչակյան կուսակցության համար մնում է առանցքային հիմնախնդիր եւ շեշտում է, որ Կուսակցությունն իր բոլոր հնարավորություններով պետք է ընդդիմանա ադրբեջանական ցանկացած ագրեսիային` լինի այն ռազմական, քաղաքական, քարոզչական, թե տնտեսական:

 Համագումարը գտավ, որ Արցախի հիմնախնդիրն անհնար է լուծել ռազմական ճանապարհով, այլ միայն ազգերի ազատ ինքնորոշման սկզբունքի եւ իրավահավասար բանակցությունների արդյունքում ձեւավորված բանաձեւերի հիման վրա:

Համագումարը շեշտեց միջազգային հարթակներում Արցախի հիմնախնդրին ավելի լայն ճանաչում ապահովելու միտված ջանքերը բազմապատկելու անհրաժեշտությունը:

Համագումարը վերահաստատեց Արցախի Հանրապետությունը բանակցային սեղան վերադարձնելու անհրաժեշտությունը:

Սեպտեմբերի 24-ին ավարտվեց համագումարի աշխատանքները, որի արդյունքում ընտրվեց նոր Կենտրոնական վարչություն հետեւյալ կազմով.

1. Համբիկ Սարաֆյան (ատենապետ, Ամերիայի Միացյալ Նահանգներ)

2. Վազգեն Համալյան (փոխատենապետ, Սիրիայի Արաբական Հանրապետություն)

3. Նարեկ Գալստյան (քարտուղար, Հայաստանի Հանրապետություն)

4. Հակոբ Տիգրանյան (Կիպրոս)

5. Շավարշ Ակինյան (Կանադա)

6. Մանո Շխրտմյան (Հայաստանի Հանրապետություն)

7. Ալեքսան Քեոշքերյան (Լիբանան)

8. Կիրակոս Թութունջյան (Կանադա)

9. Ջորջ Հակոբյան (Ամերիկայի Միացյալ Նահանգներ)

10. Թադեւոս Քօրօղլյան (Ամերիկայի Միացյալ Նահանգներ)

11. Գեւորգ Սաչլյան (Ֆրանսիա)

Ք. Երեւան

25.09.2017

Տպել
Ամենաշատ