News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Գերմանիայում ընտրությունների արդյունքները շատ բնական են ժողովրդավար հասարակության համար։ NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ռուսաստանցի փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը։

Նրա խոսքով՝ ընտրություններում անսովոր ոչինչ տեղի չի ունեցել։ «Այն, որ նախկին ԳԴՀ–ն մինչեւ վերջ չի ինտեգրվել, ոչ մի կասկած չի թողնում։ Այդ մասին գրում էին հենց իրենք գերմանացիները»,– նշել է Խրամչիխինը՝ հավելելով, որ Գերմանիայում բազմիցս փորձել են լուծել այդ խնդիրը, սակայն իրավիճակն այդպես էլ չի փոխվել։

Ավելին՝ փորձագետի կարծիքով նոր մարտահրավերները եւ խնդիրները, ինչպիսին է միգրացիան, ավելի են վատթարացնում  երկրում տիրող իրավիճակը եւ հանրության շրջանում տարաձայնությունների պատճառ են դառնում։ Ընդ որում, երկրի արեւելյան հատվածները փախստականների հանդեպ ավանդաբար ավելի կոշտ եւ անհանդուրժող դիրքորոշում ունեն, քան արեւմուտքում։ Սակայն Խրամչիխինը վստահ է, որ դա երկրում լուրջ պառակտման չի հանգեցնի։

Նշենք, որ նախօրեին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում Անգելա Մերկելի ղեկավարած կուսակցությունը հավաքել է ձայների 33 տոկոսը եւ Բունդեսթագում կունենա 246 մանդատ (նախկինում՝ 311)։ Սա 1949 թվականից հետո ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի վատագույն ցուցանիշն է։ Մարտին Շուլցի «Գերմանիայի սոցիալ–դեմոկրատական կուսակցությունը» հավաքել է մոտ 20 տոկոս եւ կունենա 153 մանդատ։ Խորհրդարանում 3-րդ ուժը «Այլընտրանք Գերմանիայի համար» աջակողմյան կուսակցությունն է՝13.5 տոկոս։ Խորհրդարանում նրանք կունենան 94 մանդատ։

Նշենք, որ 1945 թվականից հետո առաջին անգամ ազգայնական կուսակցությունը ներկայացված կլինի Գերմանիայի Բունդեսթագում։ Կուսակցության ընտրական ցուցակի առաջատար Ալեքսանդր Գաուլանդն արդեն հայտարարել է, որ իրենք խոստանում են երկիրը վերադարձնել գերմանացիներին եւ որ Անգելա Մերկելի համար հիմա, իրոք, «ցուրտ» է լինելու։

Հատկանշական է, որ Արեւելյան Գերմանիայի հատվածում «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը ձայների հաշվարկով առաջատար է եղել՝ երկրի այդ հատվածներում հավաքելով առավելագույն 27 տոկոս։ Անցած ընտրություններում կրած անհաջողությունից հետո խորհրդարան վերադարձած Ազատ դեմոկրատական կուսակցությունը կունենա 80 մանդատ: «Ձախերի» խմբակցությունը համալրել է իր շարքերը նոր անդամներով եւ կունենա 69 մանդատ (նախկինում 64), «Կանաչների» խմբակցությունը՝ 67 մանդատ (նախկինում՝ 63):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ