News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր՝ սեպտեմբերի 26-ին, հանդիպել է «Դիտակետ» ծրագրի աշխատանքներում ներգրավված անձնակազմի հետ։

ՀՀ պաշտպանության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհակալություն հայտնելով ակտիվ աշխատանքի համար՝ Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ կյանքի կոչվող «Դիտակետ» ծրագիրը զորացրված զինծառայողների եւ պաշտպանության նախարարության միջեւ հետադարձ կապի կարեւորագույն օղակ է, որն օգնելու է վեր հանել զինվորական ծառայությանն առնչվող խնդիրները՝ հնարավորություն տալով նախանշել դրանց լուծման արդյունավետ ուղիները։

«Չափազանց կարեւոր է, որ մեր քաղաքացիները վստահ լինեն, որ պաշտպանության նախարարությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում խնդիրները, որոնց իրենք հանդիպում են ծառայության ընթացքում, եւ զգան, որ հնարավորություն ունեն մեզ հետ հետադարձ կապով տալ գնահատական իրենց անցած ուղու»,- նշել է Վիգեն Սարգսյանը։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է գործընթացի մասին հավաստի տեղեկատվություն տարածելու կարեւորությունը՝ թյուրըմբռնումներից խուսափելու համար։

«Այս ծրագիրը որեւէ կապ չունի մոբիլիզացիոն գործունեության կամ լրացուցիչ ծառայության հեռանկարների հետ։ Սա ընդամենը հարցում է, որը միտված է ծառայություն անցած տղաների կարծիքն ամբողջականացնելուն, լիարժեք կարծիք ձեւավորելուն, առկա կարծրատիպերի դեմ պայքարելուն, եղած խնդիրները շտկելուն։ Այսինքն՝ որեւէ այլ նպատակ այս ծրագիրը չի հետապնդում։

Եվս մեկ անգամ պետք է ասեմ, որ իսպառ բացառված է հնարավորությունը որեւէ մեկի պատասխաններն անձի հետ կապելու։ Հետեւաբար, ուղղակի առիթն օգտագործելով, պետք է խնդրեմ մեր զորացրված զինծառայողներին լինել հնարավորինս փոխգործակցող այս ծրագրի հետ եւ տալ լիարժեք տեղեկատվություն՝ առկա խնդիրները բացահայտելու, լուծումներ փնտրելու համար»,-նշել է Վիգեն Սարգսյանը։

Հանդիպման ընթացքում «Դիտակետ» ծրագրի համակարգող Արմեն Խաչիկյանը ներկայացրել է ծրագրի ընթացքի հետ կապված մանրամասներն ու նախնական դիտարկումները եւ վստահեցրել, որ աշխատանքներն ընթանում են բնականոն հունով։

Հանդիպման մասնակիցները հարցեր են ուղղել պաշտպանության նախարարին եւ ներկայացրել իրենց առաջարկները՝ կապված «Դիտակետ» ծրագրի հետ։ Վիգեն Սարգսյանը, հանդիպմանը ներկա եւ ծրագրի իրականացման աշխատանքներում ներգրավված զորացրված երկու երիտասարդներին խնդրել է ներկայացնել իրենց կարծիքը «Դիտակետի» վերաբերյալ, ինչին ի պատասխան նախկին զինծառայողները համոզմունք են հայտնել, որ ծրագիրը եւս մեկ, հրաշալի հնարավորություն է՝ զինվորական ծառայությանն առնչվող խնդիրները վեր հանելու համար։

Հանդիպման ավարտին Վիգեն Սարգսյանը հաջողություն է մաղթել «Դիտակետի» անձնակազմին եւ պայմանավորվել եւս մեկ անգամ հանդիպել ծրագրի ավարտին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ