News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

ԵՄ-ին անհրաժեշտ է ընդհանուր պաշտպանական բյուջե ու համատեղ բանակ, այս մասին սեպտեմբերի 26-ին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝  Սորբոնի համալսարանում ԵՄ բարեփոխման մասին ծրագրային ելույթի ժամանակ։

Նրա կարծիքով՝ համաեվրոպական բանակը պետք է ստեղծվի մինչեւ 2020թ․ ՝ որպես ՆԱՏՕ-ի զինված ուժերի համալրում, փոխանցում է DW-ը։

Անդրադառնալով տնտեսական հարցերին՝ Ֆրանսիայի նախագահը կրկնել է այն գաղափարը, որով բազմիցս հանդես է եկել ընտրարշավի ժամանակ՝ նա վստահ է, որ այն երկրներին, որոնք եվրոյի գոտում են գտնվում, միասնական բյուջե է պետք։ Նման բյուջեի ֆինանսավորման հնարավորություններից մեկը կարող էր դառնալ հատուկ հարկի ներդրումը, հայտնեց Մակրոնը։ Միայն «ուժեղ ու միջազգային արժույթով» եվրոյի գոտին կարող է ապահովել հիմք եվրոպական տնտեսության համար, որն ունակ է մրցակցություն կազմել գլոբալ մակարդակի վրա, շեշտել է նա։

Մակրոնի ելույթի մյուս առանցքային կետերից է միգրացիայի խնդիրը։ Մասնավորապես, նա առաջարկել է ստեղծել փախստականների գործերով միասնական գործակալություն, որպեսզի պարզեցնի նրանց ընդունելության ընթացակարգը։ Ֆրանսիայի նախագահը նաեւ նախազգուշացրել է միգրանտների ներհոսքի պայմաններում ազգայնական տրամադրությունների աճի վտանգի մասին՝  հայտնելով, որ դա հակասում է միասնական Եվրոպայի սկզբունքներին։ Մակրոնը հիշեցրել է, որ Գերմանիայում սեպտեմբերի 24-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով բունդեսթագ է անցել աջ պոպուլիստական «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը, որը ստացել է ձայների 12․6 տոկոսը։ «Մենք չէինք կարծում, թե անցյալը կվերադառնա»,- մեկնաբանել է նա այդ արդյունքը։

Խոսելով ԵՄ հեռանկարների մասին՝ Մակրոնը ժամանակակից Եվրոպան անվանել է «չափից թույլ, դնադաղ ու անարդյունավետ»։ «Միակ ուղին, որը երաշխավորում է մեր ապագան, անկախ, միասնական ու ժողովրդավարական Եվրոպայի վերստեղծումն է»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ