News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Հայ լեզվաբանության 11-րդ միջազգային գիտաժողովին (The XI International Conference on Armenian Linguistics, ICAL), որը տեղի է ունենալու հոկտեմբերի 2-5-ը Երեւանում, կմասնակցեն հայոց լեզվի ուսումնասիրման ոլորտի արտասահմանյան առաջատար մասնագետներ: Գիտաժողովը նվիրված է գիտաժողովների այս շարքի հիմնադիր, մեր ժամանակների ականավոր հայագետ, դասական հայերենի մասնագետ, Քլիվլենդի համալսարանի պրոֆեսոր Ջոն Գրեպինին, որը մահացել է 2016 թվականին: Գիտաժողովի կազմակերպիչներն են ՌԴ Գիտությունների ակադեմիայի Լեզվագիտության ինստիտուտը, Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանը եւ Հայաստանի ԳԱԱ Հ. Աճառյանի անվան Լեզվի ինստիտուտը:

Գիտաժողովի բացումը եւ լիագումար նիստը տեղի կունենան Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի կենտրոնական մասնաշենքում, թեմատիկ նիստերը կընթանան ինչպես ԳԱԱ շենքում, այնպես էլ Հ. Աճառյանի անվան Լեզվի ինստիտուտում:

Գիտաժողովում ներկայացված են հայագիտության տարբեր դպրոցներ՝ ռուսական, ֆրանսիական, ամերիկյան, մասնագետներ են հրավիրված նաեւ Թուրքիայից, Կանադայից, Եվրոպայի երկրներից, զեկույցներով ելույթ կունենան հայաստանցի, ինչպես նաեւ արցախցի գիտնականները:

Գիտաժողովի գիտխորհրդի կազմի մեջ են մտել այնպիսի հայտնի մասնագետներ, ինչպիսին են՝ Անահիդ Դոնաբեդյան-Դեմոպոլուսը (Ֆրանսիա), Շառլ դե Լամբերտյեն (Ֆրանսիա), Վիկտոր Կատվալյանը (Հայաստան), Նիկոլայ Կազանսկին (Ռուսաստան), Հրաչ Մարտիրոսյանը (Ավստրիա) եւ այլք: Կազմակերպչական կոմիտեն ներկայացնում են Վարդան Ղազարյանը (ՄՊՀ), Արեգ Բայանդուրը (ՀԳԱԱ Լեզվի ինստիտուտ), Նարինե Դիլբարյանը (ԵՊՀ) եւ այլք:

Գիտաժողովին կներկայացվեն զեկույցներ ժամանակակից հայոց լեզվի մասին՝ արեւմտահայերենի եւ արեւելահայերենի, հնդեվրոպագիտության կենտեքստում հայերենի, հայ բարբառագիտության եւ սոցիոլեզվաբանության մասին։  Բանախոսների թվում են Գրիգորի Արեշյանը՝ ԱՄՆ–ից, Ջեյմս Քլաքսոնը՝ Մեծ Բրիտանիայից, Անահիդ Դոնաբեդյան–Դեմոպոլուսը՝ Ֆրանսիայից, Մաթիաս Ֆրիցը՝ Գերմանիայից, Վլադիմիր Փլունգյանը՝ Ռուսաստանից, Անդրեա Սկալան՝ Իտալիայից եւ այլք։

Գիտաժողովի կազմակերպիչները հայտնել են, որ արդեն հրատարակվել են զեկույցների թեզերը, իսկ ավարտին կհրատարակվի զեկույցների լիակատար ժողովածուն։ Հրատարակումն իրականացվում է «Հայկական հումանիտար բանբեր» Մոսկվա–Երեւան–Ստեփանակերտ ծրագրի շրջանակում։ Պլանավորվում է նաեւ գիտաժողովի թվային տեսագրություն, որը կտեղադրվի համացանցում։

Կազմակերպիչների խոսքով՝ շատ մեծ կարեւորություն ունի այն փաստը, որ երկարատեւ դադարից հետո նորից գործում է Արեւելահայերենի ազգային կորպուսը (ԱՐԵՎԱԿ), որը բազմաթիվ արեւելահայերեն տեքստեր պարունակող լեզվաբանական որոնման համակարգ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ