News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Դարձյալ պետք է կարծիք հայտնեմ, որը հակասում է հասարակության կամ, համենայնդեպս, ֆեյսբուքյան «մեյնսթրիմին», բայց պիտի ասեմ. Վազգեն Խաչիկյանին 5 տարի ազատազրկումից հետո ներում շնորհելն իմ մեջ այն կրքերը չի առաջացնում, որոնք ես տեսնում եմ վիրտուալ տարածքում: Բնականաբար, համակրանք չունեմ ոչ այս, ոչ էլ որեւէ այլ հանցագործ պաշտոնյայի նկատմամբ, բայց չունեմ նաեւ ատելության, վրեժխնդրության զգացում որեւէ անձի հանդեպ:

Եթե Խաչիկյանը նստեր ոչ թե 5, այլ 12 տարի (այն ժամկետով, որով դատապարտվել էր), որեւէ մեկի սիրտը դրանից կհովանա՞ր, արդարության պահանջը կբավարարվե՞ր: Կամ գուցե կոռուպցիան մեր երկրում կպակասե՞ր: Որտեղի՞ց է մարդկանց մեջ այդ չհիմնավորված դաժանությունը:

Խնդիրն, ինձ թվում է, այն չէ, որ թոշակառուներից փողերը գողացած չինովնիկին սկզբում պատժել են, հետո ազատ են արձակել, այլ այն, որ մնացած՝ նույնքան կամ ավելի մեծ հանցագործություններ կատարած չինովնիկներն ազատության մեջ են մնում: Արդարադատությունը հանցագործությունը պատժելու մեջ է, ոչ թե որեւէ մարդու նկատմամբ ագրեսիայի մեջ:

Ուրիշ հարց, որ կան, իմ կարծիքով, մարդիկ, որոնք ավելի արժանի են ներման: Խոսքս Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների, ինչպես նաեւ Հայկ Կյուրեղյանի մասին է: Նրանք, իմ կարծիքով, դատապարտվել են իրենց արարքներին ոչ համաչափ ժամկետներով եւ վաղուց արդեն ազատության մեջ պետք է լինեին: Կարող են հետագայում ազատվել նաեւ Ժիրայր Սեֆիլյանը, ՊՊԾ գնդի վրա հարձակվողներից ոմանք: Իհարկե, ոչ նրանք, ովքեր մարդ են սպանել: Սակայն դրա համար պետք է լինի դատավարություն եւ դատավճիռ եւ ոչ թե այն կլոունադան, որին մենք ականատես ենք՝ ժողովրդական երգուպարով եւ ասմունքով:

Ներելը ճիշտ բան է՝ իհարկե, եթե խոսքը սպանությունների եւ անձի հանդեպ այլ ծանրագույն հանցագործությունների մասին չէ: Ներելը տեսականորեն պետք է մարդու միջից հանի չարության, դժգոհության, նախանձի թույնը: Բայց երբեմն պատահում է, որ ներելը հասարակության մեջ ավելացնում է այդ թույնը:

Մի փոքրիկ խորհուրդ էլ ուզում եմ Խաչիկյանին տալ՝ պարզապես որպես տարիքով մեծ. պետք չէ հիմա խոսել, աջուձախ հարցազրույցներ տալ: Խոսելու իրավունքը դեռ պետք է վաստակել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ