News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 16
USD
476.76
EUR
526.2
RUB
7.42
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը


Կապանում ներդրվել է «Զանգի» կրթական ծրագիրը, որը դպրոցականներին բացի տեսականից տալիս է նաեւ գործնական գիտելիքներ։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է մարզի 4 քաղաքներում՝ Սիսիան, Գորիս, Կապան եւ Մեղրի, հիմնել եւ շահագործել մեկական կրթական դասարան՝ քաղաքների դպրոցի բազայի հիման վրա: Կապանի թիվ 1 դպրոցին կից կառուցվել է նորարարական՝ ակվապոնիկայի սկզբունքով գործող ջերմոց, որը դպրոցի աշակերտների համար գործում է որպես կրթական բազա՝ գյուղատնտեսական եւ բնապահպանական դասընթացների համար: 

Ծրագրում ներառվել է երկու ուղղություն՝ տուրիզմ եւ գյուղատնտեսություն եւ բնապահպանություն։

Սյունիքի զարգացման հիմնադրամի ղեկավար Զինավոր Մեղրյանի խոսքով՝ նախագծի հիմնական նպատակն է նպաստել մարզի բնակիչների, մասնավորապես երեխաների եւ երիտասարդների, բնապահպանական, գյուղատնտեսական եւ տուրիստական ոլորտներում գիտելիքի զարգացմանն ու նորարարական հմտությունների ներդրմանը։

«Նկատի ունենալով քաղաքի դիրքը եւ հնարավորությունները, այստեղ փորձում ենք երկու ուղղություններով տեսական եւ գործնական գիտելիքներ հաղորդել։ Առաջինը՝ տուրիզմն է, երկրորդը՝ գյուղատնտեսությունը եւ բնապահպանությունը»,- ասաց Զինավոր Մեղրյանը։

Զբոսաշրջության ուղղությամբ աշակերտների գիտելիքները հարստացնելու համար էէլ հրավիրվելու են տեղացի զբոսավարներ, դասերն էլ անցկացվելու են տեսակապով արտասահմանցի մասնագետների հետ։ Բացի դպրոցի բարձր դասարանի աշակերտներից, գործնական գիտելիքներ են հաղորդվելու նաեւ նրանց ծնողներին։ 

Կապանի թիվ 1 դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Անահիտ Սիմոնյանի խոսքով, ակվապոնիկան նոր տեխնոլոգիայով աշխատող ջերմոցը սիմբիոզային միջավայրում ավանդական ջրային տնտեսություն է, որը ապահովում է ջրի, ձկների եւ բույսերի անմիջական կապը։ Ակվապոնիկա համակարգով աշխատող ջերմոցում բույսերի աճեցման համար հողի փոխարեն օգտագործվում է ջուրը, իսկ բուծվող ջրային կենդանիներից ստացված արտազատումներն անմիջապես օգտագործվում է որպես օրգանական պարարտանյութ։

Տպել
Ամենաշատ