News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Երբ մարդ աշխատում է, նրա անզորությունն անգործ է մնում։ Դա ապացուցելու համար վանաձորցի Գայանե Խաչատրյանը չի խնայում, ուժ, համբերություն եւ անգամ եղունգներ։

Մի քանի տարի առաջ նա մասնակցում էր հաշմանդամների հարցերով սեմինարի, որտեղ խոսքը վերաբերում էր նաեւ նրանց աշխատանքի խնդրին։ Հիմա նա ինքը կարող է այդ մասին սեմինարներ վարել՝ առանց աղմկոտ ցուցադրությունների եւ փայլուն գրքույկների։

Դա շատ ժամանակատար եւ համբերություն պահանջող գործ է։ Apricot ընկերությունում նրանց սովորեցնում են պատրաստել արծաթյա զարդեր, մոմեր, զարդանախշ մագնիսներ եւ խոտաբույսերով թեյի համար բարձիկներ։ Շատերը նախկինում ոչ միայն գործազուրկ էին, այլեւ առհասարակ փողոց դուրս չէին գալիս։ Տան անդամները վախենում էին, իսկ աշխատանքի ոչ ոք չէր ընդունում։ «Նրանք պարզ պատճառներով ներամփոփ էին։ Ինչ հարցնում ես, պատասխանում են՝ ի՞նչ եք ուզում, ինչու՞ եք եկել։ Նրանք նաեւ իրար են այդպես վերաբերվում»,– ասում է Գայանեն։ Որ ամեն բան կարող է այլ կերպ լինել, չէին պատկերացնում նաեւ  նրանց ծնողները։ Իսկ օրերս նրանք երեխաների հետ աշխատանքից հետո միասին սրճարան էին գնացել՝ քաղաքի օրը նշելու։

Քանի որ նրանք հատուկ կարիքներ ունեցող մարդիկ են, Գայանեն նրանց առանձնահատուկ կերպով է բաժանում։ Օրինակ՝ որոշներին չի կարելի ո՛չ դանակ, ո՛չ էլ մուրճ տալ. ամենամեծը՝ հղկաքար։ «Այն էլ մի անգամ տեսա, թե ինչպես էր մեկը ինքնամոռացության մեջ քարով այնքան տաշել տախտակը, որ անցք էր բացել»,– ասում է Գայանեն եւ այդ պատճառով ինքն է փոքրիկ տախտակները տաշում (խոտաբույսերի թեյի արկղիկների համար)։

Այս գործում համբերությունն ու աշխատանքն ամեն բան  հաղթահարում են, եւ դա խոստովանում են նաեւ հաշմանդամներին բուժող բժիշկները։ Աշխատակիցներից մեկն առաջին օրը 10 րոպե էլ նստած չէր մնում, վեր էր կենում ու փախչում։ Հիմա նրա պաթոլոգիական ախտանշանները պակասել են, ինչը նպաստել է նաեւ դեղորայքի չափաբաժինների կրճատմանը։ Երկրորդի մոտ մի ձեռքը չէր գործում։ Ոչ պակաս զարմանքով նրան բուժող բժիշկը նկատել էր, որ այդ ձեռքի մատները թեկուզ եւ քիչ, բայց շարժվում են։

«Ցավոք սրտի, ոչ մի խոշոր ընկերություն մեզ մոտ ոչինչ չի պատվիրում։ Թեպետ մենք կարող ենք հյուրերի համար հուշանվերներ պատրաստել։ Պետական  հաստատությունները նույնպես ոչինչ չեն պատվիրում։ Օգնում է միայն «Մերիդիան» ազատ տնտեսական գոտին ցուցադրությունների ժամանակ տաղավար տրամադրելով։ Շնորհակալություն ենք հայտնում նրանց»,– ասում է Գայանեն։

Apricot–ի արտադրանքը վաճառվում է Երեւանի հուշանվերների խանութներում ու որոշ սուպերմարկետներում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ