News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 16-ին Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսի հետ:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ երկու երկրների ամուր հարաբերությունները պայմանավորված են պատմամշակութային, հոգեւոր եւ արժեհամակարգային ընդհանրություններով, ինչպես նաեւ գրեթե նույն ճակատագրով: Պարոն Բաբլոյանի խոսքով՝ հայ եւ կիպրացի ժողովուրդների միջեւ պատմականորեն հաստատված եղբայրական հարաբերությունների վառ վկայություններից մեկը դեռեւս 1975 թ-ին Կիպրոսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն է: Նա երախտագիտություն է հայտնել 2015 թ-ի ապրիլի 2-ին Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձեւի միաձայն ընդունման համար:

Արա Բաբլոյանը, խոսելով ԼՂ հիմնախնդրի մասին, ընդգծել է, որ հակամարտության լուծման բանակցային եղանակն այլընտրանք չունի: Այս հարցում նա բարձր է գնահատել Կիպրոսի իշխանությունների հաստատակամ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:

Կողմերը կարեւորել են խորհրդարանական պատվիրակությունների փոխայցելությունների առավել ակտիվացումը, համագործակցությունը միջխորհրդարանական կառույցներում:

Անդրադարձ է կատարվել Կիպրոսի հայ համայնքին. նշվել է, որ հայերը Կիպրոսի հասարակության լիիրավ անդամներ են, մեծ դեր ունեն երկրի հասարակական ու քաղաքական կյանքում, ինչպես նաեւ մեր երկու երկրները շաղկապող կարեւոր օղակ են:

Խորհրդարանների ղեկավարները փոխադարձաբար միմյանց հրավիրել են այցելել իրենց երկիր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ